Իրանում 22 000 ցուցարարի ներում են շնորհել

Մանրամասներ

Իրանի իշխանությունները ներում են շնորհել շուրջ 22 000 մարդու, որոնք ձերբակալվել են զանգվածային հակակառավարական ցույցերին մասնակցելու համար, հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին։

Համաներումը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձին. այն դեռևս փետրվարին համաձայնեցվել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։

«Մոտ 22 000 մարդ, որ առնչություն ունի անկարգությունների հետ, ներում է ստացել։ Խոսքը նրանց մասին է, ովքեր արդեն դատապարտվել են, և նրանք, ովքեր դեռ դատավճիռ չեն ստացել», - Գերագույն դատարանի նախագահի խոսքերն է մեջբերում իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, համաներումը վերաբերել է տարբեր հանցագործությունների համար դատապարտված Իրանի ավելի քան 82 հազար քաղաքացու:

Իրանում զանգվածային բողոքի ակցիաները սկիզբ են առել 2022 թվականի աշնանը։

Դրանք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որին բարոյականության ոստիկանությունը բերման է ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։

Ականատեսները, այդ թվում՝ կանայք, որոնք Ամինիի հետ ձերբակալվել են, նշել են, որ նա դաժան ծեծի է ենթարկվել և ծանր վնասվածքներ է ստացել մինչև մահը: Իրանի անվտանգության աշխատակիցները հերքել են աղջկա մահվան հետ իրենց կապը և հայտնել, որ նա մահացել է սրտի կաթվածից։

Ըստ Iran International-ի՝ ցույցերի հետևանքով բերման է ենթարկվել մոտ 19 000 մարդ, որոնցից մի քանի հարյուրը դատապարտվել է մահապատժի։