Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

Մանրամասներ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Shafaq News պարբերականից:

Կառավարական կառույցների աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Բաղդադում ծրագրված են Օսթինի բանակցություններն Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ:

Այնուհետև Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել է, որ Իրաք այցով մտադիր է վերահաստատել Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։

«Ժամանեցի Բաղդադ: Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությունը, մինչ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», – Twitter-ի իր էջում գրել է Օսթինը:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Իրաք այցելելու ծրագրերի մասին Պենտագոնը պաշտոնապես չէր հաղորդել: Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայությունն սկսել Է մարտի 5-ին Հորդանան կատարած այցով: Նա նաև նախատեսում է այցելել Եգիպտոս և Իսրայել: