Փաշինյանից հետո Գերմանիա կգնա նաև Սիմոնյանը

Մանրամասներ

Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում մեծ ակտիվություն է գրանցել. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա այցից հետո Ազգային ժողովի նախագահը ևս այցելություն կկատարի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցից: 

«Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական երկխոսությունը մեծ ակտիվություն է գրանցել: Տարեսկզբին աշխատանքային այցով Գերմանիա էր ժամանել ԱԳ նախարարը: Եվ վարչապետի այցը կարևորվում է նրանով, որ արտաքին գործերի նախարարի այցից հետո արդեն քաղաքական երկխոսությունն ավելի բարձր մակարդակի վրա է դրվում: Հետո հետևելու է նաև ԱԺ նախագահի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն»,-ասաց Ենգիբարյանը:

Ըստ դեսպանի՝ սա վկայում է նրա մասին, որ հարաբերությունները բոլոր ոլորտներում ինտենսիվանում են՝ սկսած տնտեսականից մինչև քաղաքական ոլորտներ, նաև ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության իմաստով:

ՀՀ վարչապետի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում խոսվել է մի շարք ոլորտներից:

«Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կհամագործակցենք տնտեսական մի շարք նոր ոլորտներում, օրինակ՝ վերականգնվող էներգիայի ոլորտ, «կանաչ ջրածնային» ոլորտ: Հայաստանն ու Գերմանիան առաջիկայում կիրականացնեն կլիմայական փոփոխությունների վերաբերյալ որոշ ծրագրեր: Եվ դա առաջին հերթին կխթանի Հայաստանի տնտեսական աճն ու Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը»,-ասաց դեսպանը:

Ըստ Ենգիբարյանի՝ վարչապետի այցը, բնականաբար, ունի նաև քաղաքական բնույթ՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրները, որոնք այսօր կան Հայաստանում ու տարածաշրջանում: «Եվ այդ իմաստով մենք հույս ունենք, որ Գերմանիան կունենա իր ներգրավվածությունը՝ տարածաշրջանային կայունությունը խթանելու գործում»,-ընդգծեց դեսպանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բեռլին է ժամանել մարտի 2-ինԱյցի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: