Մեծ Բրիտանիան կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Մանրամասներ

Միացյալ Թագավորության կառավարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով, մասնավորապես՝ ապրանքների և մարդկանց տեղաշարժի շարունակվող խաթարումներով: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպանի տարածած հայտարարությունում։

Այս հարցը շարունակում է առաջնային մնալ միջազգային օրակարգում։ Մենք բազմիցս քննարկել ենք խնդիրը այստեղ՝ Վիեննայում, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այն, որ դա այժմ ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարան, և կայացվել է վճիռ, վերահաստատում է հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Լաչինի միջանցքի ներկայիս խափանումը վնասում է խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:

Միացյալ Թագավորության կառավարությունն ի գիտություն է ընդունել դատարանի բոլոր փաստարկները և կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու ապրանքների և մարդկանց տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ: Կողմերը պետք է առանց նախապայմանների մասնակցեն առարկայական բանակցությունների՝ ապահովելու հակամարտության կայուն և խաղաղ կարգավորումը և հանգուցալուծելու առկա լարվածությունը, նշված է հաղորդագրությունում։