Սանկցիաները շրջանցելու խոսակցությունները սոսկ խոսակցություններ են. Իրականությունն ուղիղ հակառակն է. Փաշինյան

Մանրամասներ

Մենք հետևում ենք էկոնոմիկայի թվերին, բայց մեզ համար կարևոր են ոչ միայն համեմատությունները նայել, մենք հույս ունենք, որ այդ սկզբունքները պահպանվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է, ինչը կարող է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու շրջանակում լինել:

Այ հարցին անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Մենք իհարկե, մեր գործելակերպի համաձայն, որպես ժողովրդավարական երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործըւնկերներին ասել ու ասում ենք, որ այդ հարցում թափանցիկ ենք: Այո թվերը փոխվում են, դրանք ամբողջ աշխարհում են փոխվում, որովհետև փոխվում են լոգիստիկ շղթաները, հարաբերությունները: Ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև արտահանումները Հայաստանի ԵՄ երկրներ, որովհետև մենք հետաքրքրված ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների հաստատման գործում:

Ինչ վերաբերում է սանկցիաները շրջանցելու խոսակցություններին, ապա դրանք ավելին չեն, քան խոսակցությունները: Իրականությունն ուղիղ հակառակն է: Անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանից է վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա կարծում եմ՝ այն ուղիղ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր գործընկերներին,  գործողությունների և գործունեության օրինականությունն ունի սկզբունքային նշանակություն»:

Փաշինյանը չի կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել: Մյուս կողմից, վարչապետը շեշտեց, որ համակ ուշադրությամբ կհետևեն իրադարձություններին՝ օգնելու մասնավոր հատվածին, որ այնպիսի գործունեություն չծավալեն, որը կարող է փչացնել ՀՀ հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ: