Իրանից Հայաստան գազամատակարարման ծավալները կավելացվեն. Պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել

Մանրամասներ

Իրանից Հայաստան տարեկան ներկրվում է 365մլն խ.մ. գազ «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում, երկու երկրների միջև կա պայմանավորվածություն այդ ծավալների ավելացման մասին։ Օրերս այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը։ Իր հերթին ՏԿԵ նախարարի ոլորտային տեղակալ Հակոբ Վարդանյանն էլ նշել է, որ հայկական կողմն առաջարկել է ավելի շատ գազ ներկրնել Իրանից, բայց Թեհրանը պայման է դրել․ «Մենք այս պահի դրությամբ ունենք հնարավորություն գործող գծերի թողունակության պայմաններում ևս գազի քանակը որոշակի առումով ավելացնելու։ Դրա համար մինչև գծի պատրաստ լինելը անպայման ուզում ենք պայմանագրի փոփոխությունները ստորագրվեն, և հնարավորություն կունենանք ավելացնելու։ 2014 թվականից ի վեր որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև գործակցի հարցը չվերջնականացվի, հին գործակիցներով իրանական կողմն անհամաձայնություն է հայտնել ավելի մեծ ծավալներով փոխանակում իրականացնել»։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի պաշտոնյաների այս հայտարարությանը, նշեց, որ Իրանի 13-րդ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ լրջորեն հետամուտ է հարևան և բարեկամ երկրների հետ զարգացնելու և ընդլայնելու արևտրատնտեսական կապերն ու ապրանքափոխանակման ծավալները։

«Նկատի ունենալով հայ-իրանական տնտեսաքաղաքական  հարաբերություններում վերջերս նկատվող զգալի աճը, և այն, որ ներկայումս Հայաստանի հիմնական  էներգետիկ պահանջները մատակարարող մյուս գործընկեր Ռուսաստանը էներգա-տնտեսական շրջափակման է ենթարկվել Արևմուտքի կողմից, ուստի բնական է, որ Իրանը փորձում է Ռուսաստանի էներգամատակարարման շուկաներում որպես այլընտրանքային մատակարար հանդես գալ միջազգային շուկաներում՝ չնայած այն իրականությանը, որ Իրանը ևս այդ առումով պատժամիջոցների է ենթարկվել Արևմուտքի կողմից, սակայն, որոշ բացառություններ կան Իրանի նավթի ու գազի մատակարարման ոլորտում, և Հայաստանը ընդգրկված է Իրանից էներգիայի ներմուծման արտոնության ցանկում։ Հետևաբար, թե՛ Հայաստանը և թե՛ Իրանը շահագրգռված են էներգետիկ և այլ տնտեսական ոլորտներում խորացնել ու ընդլայնել փոխշահավետ գործակցությունը»,-ասաց Շահմուրադյանը։

Նշվում է, որ եթե երկու երկրների միջև կա պայմանավորվածություն այդ ծավալները մեծացնելու, ապա դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահագրգռությամբ է պայմանավորված։ Իրանահայ գործիչը նշեց, որ օրերս Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալի Ռեզա փեյման Փաքի խոսքերը․ «Իրանը Հայաստան արտահանող երկրների շարքում Ռուսաստանից և Չինաստանից հետո երրորդն է»: Նա նաև ընդգծել է, որ այժմ Հայաստան արտահանման ծավալը կազմում է 437 մլն դոլար, և երկու երկրների միջև առևտրային պլանի համաձայն՝ այն պետք է հասնի 3 մլրդ դոլարի։

Շահմուրադյանի խոսքով՝ Իրանը միտված է իր արևտրատնտեսական և քաղաքական կապերն ու հարաբերություններն բազմակողմանիորեն  և կրկնակի ավելացնել Հայաստանի հետ։ Արդեն վերջին ամիսներին զգալիորեն աճել է Հայաստանի առևտրատնտեսական, մշակութային, էներգետիկ, տրանսպորտային, գիտական և այլ ոլորտների պետական և ոչ պետական պատվիրակությունների հաճախակի այցերն Իրան, ինչն էլ վկայում է Իրան-Հայաստան հարաբերությունների նորմատիվ և ընդլայնվող հարաբերությունների աճի մասին։