Մեջը սև, մեեեծ տառերով կգրեք, որ սեփական երկիրը ծախելը լավ բան չի, քխ ա. Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Երկար սպասված մի դրական լուր. երկու ամիս խորհելուց հետո Արցախի քաղաքական էլիտաները վերջապես հասկացան խնդիրների ակունքը:

Դա, իրենց իսկ կողմից քարոզված, կապիտուլյացիոն փաստաթուղթը չէ, ոչ էլ նույնիսկ ադրբեջանցիների բնապահպանական հույզերն են:

Արցախի իշխանավորներն ու ընդդիմադիրները եզրահանգեցին նրան, որ ներկա պահին բոլոր խնդիրների ակունքը Արցախի սահմանադրությունն է: Համենայն դեպս այդ էլիտաներին դա են ասել Մոսկվայում, ուր փաստացի լիովին անխոչընդոտ հասնում են մեր շրջափակված հայրենակիցները:

Մեր այն քույրերն ու եղբայրները, ում տեղաշարժն իրոք սահմանափակ է, ընդամենը պետք է զինվեն անսահման համբերությամբ ու սպասեն նոր սահմանադրությանը: Սահմանադրություն գրելն էլ, ասեմ ձեզ, մի երկու օրվա գործ չի, դա ամիսներ կտևի, եթե ոչ տարիներ: Նախադեպերն էլ կան:

Օրինակ Պաղեստինը և մասնավորապես Գազայի հատվածը ժամանակավոր շրջափակման մեջ են: Այդ ժամանակավոր շրջափակումը ուժի մեջ է 2006 թվականից մինչ օրս: Այնտեղ նույնպես շրջափակման անհրաժեշտություն առաջացավ, երբ իշխանության մի մասն անցավ մեկ այլ ուժի: Պաղեստինում նախագահը «Ֆաթահ» կուսակցության ներկայացուցիչ Մահմուդ Աբբասն է, իսկ Ազգային ժողովում մեծամասնություն ունի «Համասը»:

Այդ մեծամասնությունը «Համասը» ստացավ 2006 թվականի ընտրություններին, և հենց այդ պահից Գազայի հատվածը շրջափակվեց Իսրայելի կողմից մինչև «Համասը» չհեռանա: «Համասը» բնական է չհեռացավ, իսկ 2006-ի ընտրությունները վերջինն էին մինչ օրս:

Ավելին, շրջափակումը փաստացի ողջունել է հենց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը: Դա անհրաժեշտ դարձավ, քանի որ Գազայի հատվածն ունի սահման նաև Եգիպտոսի հետ: Սահման, որը զուտ տեղանքի պատճառով իսրայելցի «բնապահպաները» չէին կարող փակել` փաստի առաջ կանգնեցնելով խեղճ եգիպտացի «խաղաղապահներին»:

Եգիպտոսը սահմանը փակեց ու միացավ Իսրայելական բլոկադային, իսկ մահմեդական այդ երկրի դեմքը փրկելու համար անհրաժեշտ էր, որ հենց Պաղեստինի նախագահը ողջունի նման քայլը, պնդելով, որ «շրջափակելով Պաղեստինը` Եգիպտոսը օգնում է վերականգնել Պաղեստինյան ինքնավարությունը»:

Մեզ մոտ մի փոքր ավելի ցիվիլ բեմականացում եղավ, մեր Մահմուդաբբասները ընդամենը ստիպված եղան անդադար շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին, առանց հավելելու, որ իրենց անգործությունն օգնում է փրկել Արցախի ինքնիշխանությունը: Թեպետ ամեն ինչ երևի դեռ առջևում է:

Այո, արդեն 17 տարի է մահմեդական Եգիպտոսը փակ է պահում եղբայրական Պաղեստինի սահմանը, «որպեսզի աջակցի Պաղեստինի ինքնավարությանը»: Էնպես որ, դաշնակիցների ցինիզմի առումով մենք դեռ ահագին աճելու տեղ ունենք:

Մնացած առումներով գրեթե տարբերություն չկա: Թե Մահմուդ Աբբասը և թե իրեն նախորդած Յասեր Առաֆաթը («Ֆաթահի» հիմնադիր) միլիարդավոր դոլարներ են դիզում, այդ թվում ու առաջին հերթին հենց Իսրայելի (ու իմիջիայլոց «մեր») շնորհիվ, իսկ շարքային պաղեստինցիք տառապում են, օրինակ առանց կանալիզացիայի ու խմելու ջրի, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս խողովակներ ներմուծել դեպի Պաղեստին:

Իմիջայլոց, մեր ճակատագիրը միշտ չէ, որ Պաղեստինի հետ զուգահեռ է գնացել: Երբեմն այդ երկու գծերը հատվում էին: Որոշ շրջանակներ պնդում են, որ «Ֆաթահ» կուսակցությունը հենց սովետական Հայաստանի ԿԳԲ-ի հոգեզավակն էր, այնպես, ինչպես օրինակ` Քրդական Աշխատավորները (ՊԿԿ կոչեցյալը) Ադրբեջանի ԿԳԲ-ինն էր, և ստեղծվել էր ազգությամբ քուրդ ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիևի շնորհիվ:

Թե «Ֆաթահը» և թե ՊԿԿ-ն ազգային սոցիալ դեմոկրատական կառույցներ են, որոնք գաղափարախոսությամբ և կառուցվածքով լրիվ իդենտիկ են մեր Դաշնակցությանը: Ընդ որում, լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Պաղեստինա-սովետական համագործակցության հիմքում եղել են Հայ Առաքելական Եկեղեցու մարդկային ռեսուրսները ավետյաց հողում և հայկական սփյուռքը Սիրիայում և Լիբանանում:

Երևի զուր չէ, որ հայոց Կաթողիկոսին աջակցություն հայտնողների ցանկում առաջին տեղում միշտ ԱԱԾ պահեստազորի սպաներն են:

Գազայի փողոցներում էր իր առաջին մարտական փորձը ստացել ՀՀ մի ազգային հերոս, ում անունը տալը ֆեյսբուքում արգելված է, հետագայում այդ փորձն ընդլայնվեց արդեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Իմիջայլոց, այդ հերոսի` մի զինակցի կողմից գրված գրքում նշվում է, որ նա Արցախում է հայտնվել, քանի որ իր զինակիցները իրեն մահվան էին դատապարտել, և Արցախն էր միակ տեղը, որտեղ իրեն անվտանգության երաշխիք էին տվել:

Զարմանալի զուգադիպությամբ պաղեստինցի օլիգարխները միշտ հակված էին սերտորեն համագործակցել հայերի հետ: Արաֆաթի հիմնական դրամապանակ հանդիսացող Հասիբ Սաբաղը, օրինակ, երբ ստանում էր Իսրայելի հիմնական դաշնակից Ադրբեջանի համար նավթամուղ կառուցելու միլիարդավոր դոլարների տենդեռը, նա պրոյեկտի ողջ վերահսկողությունը հայերին էր տալիս:

Կարելի է իհարկե ենթադրել, որ մեր ազգին բնորոշ շինարարական հատուկ ջիղն ու բարոյական որևէ նորմ չունենալու պատճառով էր, որ հենց «մերոնց» էին նման կարևոր գործերը վստահում, բայց թե ինչու՞ էին նույն մարդկանց ներգրավում Պաղեստինա-Իսրայելական հաշտության գործընթացում, ես արդեն դժվարանում եմ բացատրել:

Չէ, լավ, ասենք թե հասկացանք՝ Շիմոն Պերեսն իր իսկ հավաստմամբ բռնում իր ձեռքով հաշտության երգ ա գրում, Սիրուշոն էլ այդ երգը կատարում է: Ստեղ ամեն ինչ տրամաբանական է՝ Պերեսը իրոք լավ ձեռք ունի, Սիրուշոն էլ իրոք լավ երգում ա: Բայց, օրինակ` Թորոյան Գևորգը ո՞նց ա կարում համ հիշյալ Հասիբ Սաբաղի ընկերության տնօրենը լինի, համ ադրբեջանական նավթամուղ սարքի, համ Քոչարյանի օրոք Համահայկական Հիմնադրամի տնօրեններից լինի, սաղ ԱՄՆ-ի հայկական համայնքից փող հավաքի, համ Կաթողիկոսի մտերիմը լինի, համ մեծ բարերար, համ էլ Ալբերտ Գորի, Շիմոն Պերեսի, Յասեր Առաֆաթի, Հասիբ Սաբաղի և մի շարք այլ մարդկանց հետ պաղեստինյան հաշտության նախաձեռնության անդամ լինի:

Իսկ եթե հանկարծ ուզես ու որոշես խորանալ լիբանանցի «գործարար» Պիեռ Ֆաթուշի կենսագրության մեջ, ով իմիջիայլոց համ Վիվասելի հիմնադրին է, համ էլ` Ղարաբաղ Տելեկոմի, համ էլ Հայաստանում լիքը այլ շատ հետաքրքիր թեմաների մեջ ա քիթը խոթել, կարելի ա գժվել...

Էլ չասեմ, որ վերջերս գաղտնազերծված ԱՄՆ Պետդեպի արխիվները բազմաթիվ հետաքրքիր դրվագների վրա են լույս սփռում, այդ թվում այն փաստի վրա, որ հայ-ադրբեջանական հաշտության բաղադրիչ մաս էր կազմելու նավթամուղը, որը անցնելու էր Հայաստանի տարածքով:

Բայց Տեր-Պետրոսյանին հեռացնելուց ու Վազգենին սպանելուց հետո, այն ոչ թե Հայաստանի տարածքով անցավ, այլ որոշ հայերի գրպաններով և հենց այդ փաստն էր, որ Արցախն ու Հայաստանը ծնկի բերեց ու շրջափակեց այս կոմբինացիան իրագործելուց 15 տարի անց:

Էս համատեքստում շատ օրինաչափ է թվում այն փաստը, որ վերոհիշյալ բանակցային գործընթացի ընթացքում նավթային մագնատ Խոդորկովսկին Հայաստանում գրասենյակ էր բացել ու բանկ էր գրանցել: Գրասենյակը հետագայում շահեց ԱՄՆ դեսպանատան կառուցման տենդեռն ու փակվեց:

Ռուսաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ու Խոդորկովսկուն գահընկեց անելուց հետո Հայաստանյան այդ բանկն անցավ լիբանանցի գործարարներին ու դարձավ «Բիբլոս» (ի պատիվ լիբանանում մի համանուն ափամերձ քաղաքի), ստանալով տնօրեն, ի դեմս Միհրան Շամլյանի, ով նախորդ աշխատավայրում Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի կառուցման գլխավոր գանձապետն էր (համատեղությամբ նաև բոլորիս կողմից շատ սիրված «Մշո Աղջկա» ամուսինը) ու հիշյալ Թորոյան Գևորգի փաստացի տեղակալը:

Որտև խի՞ պիտի կակոյ նիբուծ Խոդորկովսկի գա, Հայաստանի տարածքով նավթամուղ գցի, եթե մենք դա կարանք անենք ինքներս` բայց շրջանցելով Հայաստանը, շրջանցելով ու շրջափակելով: Չէ՞, Սեդրակիչ...

Ասածս ինչ է՝ Արցախի նոր սահմանադրությունը լավ ուշադիր գրեք, որ էլ սենց պրոբլեմներ չունենանք: Մեջը սև, մեեեծ տառերով կգրեք, որ սեփական երկիրը ծախելը լավ բան չի, քխ ա: Թող բոլորն իմանան:

Պաղեստինցիքի օրը չընկնենք... մի քսան տարի էլ մեզ կտեր տան, թե ինչպես են հայրենասեր հերոսները պայքարում նենգ դավաճանների ու ստոր թշնամու դեմ` միաժամանակ կիսելով ժողովրդի հետ բոլոր դժվարությունները ու միլիարդներ դիզելով:

Բայց գրելուց աշխատեք հեռախոսով քիչ խոսաք: Սաղ կապն իրենց ձեռն ա: Վաղուց: Իսկզբանե:

Արթուր Դանիելյան