ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիայի որոշ նահանգներ մեկնելուց

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ռդ քաղաքացիներին  ձեռնպահ մնալ Թուրքիայի տարածքում գտնվող Ղահրամանմարաշ (Մարաշ), Մալաթիա, Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգներ և Գազիանթեփ (Այնթապ) շրջան մեկնելուց, գրում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի կենտրոնական և հարավային հատվածներում սեյսմիկ ակտիվության բարձրացման պատճառով խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Ղահրամանմարաշ, Մալաթիա, Դիարբեքիր և Գազիանթեպ նահանգներ մեկնելուց»,- երեքշաբթի ասվում է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի՝ ավերիչ երկրաշարժերից տուժած տասը նահանգում։

Էրդողանն ասել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում ցնցումների զոհ է դարձել 3549 մարդ, վիրավորվել՝ 22 168-ը։ Փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ:

«Մենք կանգնած ենք ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկի առաջ։ Աղետի գոտում աշխատանքի համար մոբիլիզացվել են պետական բոլոր կառույցների, անձնակազմերի և տեխնիկայի ջանքերը։ Առաջին փուլում 100 միլիարդ լիրա է հատկացվել աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է պետության ղեկավարը։

Երկրաշարժի գոտի է ուղարկվել 54 000 վրան, 102 000 մահճակալ և առաջին անհրաժեշտության իրեր։

Էրդողանի խոսքով՝ աղետի գոտում արդեն աշխատում է 53 317 փրկարար։ Նրանց թիվն օրեցօր ավելանում է Թուրքիայից և այլ երկրների թիմերի շնորհիվ, նշել է քաղաքական գործիչը։