Հզոր երկրաշարժ Թուրքիայում. Շենքեր են փլուզվել, բազմաթիվ քաղաքներում զանգվածային ավերածություններ են. ՖՈՏՈ, VIDEO

Մանրամասներ

Թուրքիայի վեց շրջանում 7,5 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ

«Ժամը 04.17-ին Կահրամանմարաս-Պազարջիկի կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել։ Այն ինտենսիվ զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես՝ Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլիուրֆայում», - այս մասին ասվում է Թուրքիայի Արտակարգի իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման վարչության հայտարարության մեջ։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 01։17-ին (Երևանի ժամանակով՝ 05։17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան մեկ միլոն բնակչություն ունեցող Գազիանթեփից 27 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա։

Շանլիուրֆայի քաղաքապետի խոսքով՝ քաղաքում երկրաշարժի հետևանքով փլուզվել է 16 շենք, զոհվել է 15 մարդ։ Օսմանիե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, մահացել է հինգ մարդ, իսկ Մալաթիայում՝ 130 շենք, փլատակների տակից հայտնաբերվել է երեքի դի։

Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, ավերածություններ են տեղի ունեցել նաև Քահրամանմարաշում, Ադիյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ երկրաշարժի պատճառով մի քանի շրջաններում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է միջազգային օգնության խնդրանք։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ փրկարարներն արդեն իսկ սկսել են վերացնել աղետի հետևանքները։

Լուրջ ավերածություններ են գրանցվել նաև հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել։ Սիրիական «Ալ-Վաթան» թերթի տվյալներով՝ Համայի Ալ-Արբաին թաղամասում մի քանի շինություն է մասնակի փլուզվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները։

Բացի այդ, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, Սիրիայի Լաթաքիայի արվարձանում նույնպես շենք է փլուզվել, ևս մի քանիսը վնասվել են։

«Քաղաքի և մերձակա որոշ բնակավայրերի բնակիչները դուրս են եկել փողոց՝ վախենալով, որ ցնցումների հետևանքով իրենց տները կարող են փլուզվել»,- հայտնել է աղբյուրը։

աաաա