Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը

Մանրամասներ

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի փետրվարի 3-ին Հունաստանի հանրային ռադիոյի՝ «Հունաստանի Ձայնը» հաղորդման «Անպաշտպան անցուղի» հաղորդաշարը ներկայացրել է ռադիովավերագրական հաղորդում Արցախի շրջափակման մասին, որը հանգեցրել է հազարավոր մարդկանց մեկուսացմանը, որի հետևանքով մի ողջ բնակչություն, այդ թվում՝ տարեց մարդիկ, երեխաներ և հիվանդներ, մնացել են առանց սննդի, դեղորայքի և բժշկական օգնության:

«Հաղորդման շրջանակներում նկարագրվում է շրջափակման գործընթացը, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերից, երբ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես «բնապահպան ակտիվիստներ» և բողոքելով հանքի շահագործման դեմ, փակեցին Գորիս-Ստեփանակերտ միակ ճանապարհը, այսինքն՝ Բերձորով անցնող մայրուղին՝ այն միակ միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարությունը, ինչպես ներկայացվում է հաղորդման ներածականում, փխրուն է, հատկապես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեկնարկից հետո, որն ուղղակիորեն ազդեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, մասնավորապես՝ Լաչինի հինգ կիլոմետրանոց բաց միջանցքի շրջափակմանը, որի անվտանգության ապահովումը հիմնավորված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- հայտնում է դեսպանությունը:

Նշվում է, որ հաղորդման հյուրերն են եղել Քուին Մինասյանը և Ջորջ Մենեշյանը, որոնք հիմնավոր ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը, վերլուծել Հայաստանի աշխարհաքաղաքական դերը և դրանից բխող խնդիրները, մեկնաբանել տարածաշրջանային ուժերի դերը, ինչպես նաև հիմնավոր կերպով ներկայացրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ապրելու և արարելու իրավունքը: