Բլինքենը հետաձգել է այցը Չինաստան. Պատճառը չինական «լրտեսական օդապարիկի» հետ կապված իրավիճակն է

Մանրամասներ

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հաջորդ շաբաթ Պեկին կատարելիք այցը հետաձգվում է:

Այս մասին հայտնում է Ազատությունը։

Պետքարտուղարի որոշումը կապված է Միացյալ Նահանգների օդային տարածքում հայտնված չինական, ենթադրաբար. լրտեսական օդապարիկի կապակցությամբ:

Բլինքենը պետք է Պեկին մեկներ փետրվարի 5-ից 6-ը: Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմը չի ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել այդ օդապարիկի պատմությունից: Միաժամանակ, ամերիկացիները չեն ուզում, որ օդապարիկի հարցը հանդիպումների ընթացքում դառնա քննարկումների գլխավոր թեմա:

Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը երեկ ասել է, որ հետախուզական օդապարիկը Միացյալ Նահանգների օդային տարածքում է, «մեծ բարձրւթյան վրա, և մարդկանց համար ռազմական կամ ֆիզիկական վտանգ չի ներկայացնում»:

Միաժամանակ նա նշել է, թե օդապարիկը ոչնչացնելու փորձը կարող է վտանգավոր լինել, հաշվի առնելով դրա մեծ չափը:

Չինաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե «աերոստատը Չինաստանից է հասել Միացյալ Նահանգների օդային տարածք, այն ունի բացառապես քաղաքացիական բնույթ և օգտագործվում է օդերևութաբանական հետազոտությունների համար»:

Ըստ Պեկինի, աերոստատն ուժեր քամուց կորցրել է կառավարելիությունը և շեղվել հաստատված ճանապարհից: