Լուրջ հիմքեր կան, որ Հայաստանը չի լինելու. Եթե ելք չունեք, դուրս եկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ճանաչեք Ղարաբաղի ինքնորոշման իրովունքը. VIDEO

Մանրամասներ

Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Փետրվարի 3-ին Ազգային ժողովում  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք գումարվել են խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ այս մասին ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Բագրատյանը ներկայացրեց չորս քայլ, որոնք պետք է կատարի պաշտոնական Երեւանը։ Դա թույլ կտա դուրս գալ ներկայիս ճգնաժամից։

«Նախեւառաջ, հարկավոր է արտաքին քաղաքական կողմնորոշիչների մասին հստակ դիրքորոշումով հանդես գալ։ Պետք է վերջ տալ Ռուսաստանից Արեւմուտք վազելն ու հակառակը։

Հնարավոր է՝ պետք է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը», - ասաց Բագրատյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ի՞նչ պետք է անել․ «Եթե ելք չունեք, դուրս եկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ճանաչեք Ղարաբաղի ինքնորոշման իրովունքը։ Եվ ամենակարևորը՝ իշխանափոխություն պետք է լինի, պետք է գան ադեկվատ մարդիկ։ Ո՞նց կարող է երկրի արտաքին քաղաքականությունը ներկայացնող մարդն անընդհատ սուտ խոսել։ Եթե Լաչինի միջանցքը գործում է 5 տարով, Սյունիքի արտատարածքային ճանապարհը, ես միջանցք բառը չեմ օգտագործում, գործելու է հավերժ։ Այնպես չէ, որ գնացել միամիտ սխալվել է, այս մարդը կողքինից չի կարողանում խորհուրդ հարցնել, ունակ չէ լսել, ուրեմն չի կարող ղեկավարել։

Վեր կացեք ասեք, որ Ալմաթիի հռչակագրում վերապահումներ կան, բայց դուք առանց վերապահումների հոկտեմբերի 6-ին հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջանի մաս է»։

Ըստ նրա՝ եթե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում վիճակը չփոխվի, լուրջ հիմքեր կան, որ Հայաստանը չի լինելու։

Նա համոզված է՝ բոլոր այն դրույթները, որոնք այս կամ այն չափով ձեռնտու են Հայաստանին, ժամանակավոր են եւ դե ֆակտո կորցնում են իրենց ուժը 5 տարի անց։ Բաքվի համար շահավետ դրույթները՝ մշտական ​​են:

«Դրանից Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի չեն վատթարանա։ Չէ որ Բաքուն առանց այդ էլ  ծրագրում է հերթական ագրեսիան Հայաստանի դեմ։ Մեզ իշխանափոխություն է պետք։ Պետք է գան մարդիկ, որոնք ի վիճակի են ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել»,- ասաց Բագրատյանը։