Փաշինյանը հայտնել է՝ որ կայքի միջոցով են տրվում ՀՀ-ում աշխատանքի և բնակության թույլտվությունները

Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին:

Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նրանք կարճատև շրջայց են կատարել համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ցուցահանդեսին ներկայացված է նաև Հայաստանը` առանձին տաղավարով:

Համաժողովի բացմանը վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Ելույթի ընթացքում Փաշինյանը խոսել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի մասին.

«Այսօր ես կցանկանայի մեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ արդիական թվային գործիքի վրա, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բիզնեսին և պետական մարմիններին համագործակցել մեր երկրներում աշխատանքային գործունեություն կազմակերպելիս: Խոսքն «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի մասին է, որը մշակվել է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից՝ Միխայիլ Միշուստինի գաղափարի իրականացման շրջանակում։

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022 թ.-ին, և ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը։

Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «օգնական» և «հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից, ծանոթանալ կանոնավորիչ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժանմունքները, կոնտակտային տվյալները և այլն։

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանյան ազգային տիրույթում արդեն հասանելի են հիմնական պետական թվային ծառայությունները, օրինակ՝ e-request միասնական պորտալը, որն ապահովում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի ավելի քան երկու հարյուր պետական մարմիններին և ենթակա կազմակերպություններին դիմումներ ուղարկելու հնարավորություն, այլ նաև հետևել դիմումի քննարկման և պատասխանի ստացման ընթացքին։ Հայաստանի ներսում այս ծառայությունից արդեն օգտվել է մոտ 60 հազար օգտատեր, իսկ դիմումների ընդհանուր թիվը գերազանցել է երեք հարյուր հազարը։

Հաջորդ թվային ծառայությունը, որն ինտեգրված է «Աշխատանք ԵԱՏՄ-ում», workpermit.am-ն է, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։ Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա։

Թվային գործիքն ապահովում է այս գործընթացում ներգրավված հինգ պետական գերատեսչությունների համակարգված փոխգործակցությունը: Թվային ծառայության միջոցով աշխատանքային պայմանագրի հիման վրա կարելի է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների համար ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող անվճար քարտ։ Հարթակը պարբերաբար կհագեցվի պետական և առևտրային այլ ծառայություններով։

Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ մեր ազգային տիրույթը հաշվի է առնում մեր շուկայի առանձնահատկությունները և չի հանդիսանում ռուսական տիրույթի կրկնօրինակը։ Այսպիսով, մենք մշակում ենք «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակը նոր հավելյալ արժեքով։

Հայաստանն ու Ռուսաստանը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» և «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակների առաջին մասնակիցներն էին։ Մեր կապը ցույց է տալիս փոխգործակցության արդյունավետությունը և ազգային ծառայությունների առավելությունների ինտեգրման կուտակային ազդեցությունը: Եվ մենք սատարում ենք Ռուսաստանի կառավարության առաջարկը՝ միանալ ազգային տիրույթների ստեղծման նախագծին և աջակցել բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանը` ի շահ մեր ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի տնտեսությունների աճի»։