ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

Մանրամասներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։