Ալիևը բողոքել է Իրանի իշխանությունների պահվածքից

Մանրամասներ

Չնայած այն հանգամանքին, որ Թեհրանում «ահաբեկչության» (չակերտները՝ Tert.am) օրվանից բավականին ժամանակ է անցել, Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը լուրջ միջոցներ չեն ձեռնարկել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է haqqin.az-ը:

Թուրքիայի կրթության նախարար Մահմուտ Օզերիի հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ դեսպանատան անվտանգության աշխատակցի սխրանքի արդյունքում «ահաբեկիչը» (չակերտները՝ Tert.am) վնասազերծվել է՝ դրանով իսկ թույլ չի տվել, որ զինված տղամարդը հարձակվի դեսպանատան մյուս աշխատակիցների վրա։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանն այժմ մանրակրկիտ հետաքննում է այս «ահաբեկչությունը»։ 

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Սպանվել է դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը: Ադրբեջանը տարհանել է Թեհրանում դեսպանատան անձնակազմը:

Նշենք, որ Բաքուն հերքել է Թեհրանի վարկածը՝ դեսպանատան վրա հարձկման շարժառիթների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանի ոստիկանության ղեկավարը հայտնել էր, որ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխայի հետ:

«Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները», - ասել էր նա:

Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ասել էր.«Մենք չենք հավատում, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան շարժառիթով։ Մենք դատապարտում ենք այս հարձակումը և Իրանի կառավարությունից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սադրիչներին բացահայտելու համար։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկեր մեր դեսպանատան վրա հարձակման դեմ։

Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում հակաադրբեջանական արշավի դեմ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվել, ինչը խթան է հանդիսացել հարձակման համար։ Ադրբեջանը միշտ եղել է Իրանի հետ բարիդրացիության կողմնակից, սակայն նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում։ Հարձակման ողջ պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»: