Նիկոլն էլ կհեռանա Պուտինից մի քանի ամիս առաջ․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Վերջերս շատերի մոտ եմ նկատել Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային «գծի» հետ կապված տարակուսանք, որն էլ ավելի է սրվում, երբ վերջինիս ադեպտները փորձում են էլ ավելի հանրայնացնել իրենց գաղափարախոսի թեզերը: Տարակուսանքը հիմնականում կապված է Տեր-Պետրոսյանի ռուսամետ թվացող քայլերի ու ելույթների հետ: Տարակուսանքի ակունքներն էլ, հիշյալ անձի հետ կապված, գոյություն ունեցող որոշակի թյուր նախապաշարմունքներն են:

Ըստ այդ նախապաշարմունքների` Տեր-Պետրոսյանը հոգով դեմոկրատ է և ուրեմն արևմտամետ է, փորձել է բարիշել թուրքերի հետ, ուրեմն էլ ավելի արևմտամետ է, նա իբր հանդիսանում է Փաշինյանի հոգևոր հայրը ու դե, քանի որ թուրք-արևմտամետ Նիկոլական է, ուրեմն հակառուս է: Այս տրամաբանությունից ելնելով` ՌԴ դեսպան Կոպիռկինի` ամեն մի այցը 1-ին նախագահի կեցավայր դիսոնանս է առաջանցում, որն էլ ավելի է խորանում, երբ լևոնականները պնդում են, որ ռուսը մեզ թշնամի չէ, ու որ իրենց հետ պետք է լավ լինենք:

Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի հետևորդների բանակն ինձ կփնովի հետևյալ փորձիս համար, այնուամենայնիվ նախ տամ իմ գնահատականը իր անձին: Տեր-Պետրոսյանն ինքն իրեն համարում է կիսաստված ու հանուն արդարության պետք է նշեմ, որ միջին վիճակագրական մարդու հետ համեմատվելիս Լևոնի ինտելեկտի տեր ցանկացած մարդ շատ կդժվարանա ինքն իրեն նման պիտակ չկպցնել: Իր քշած հին մեքենան, հագի նույն թվի կոստյումը, սնոբիստական հումորը և գրականությանը նվիրած ժամանակը վկայում են այն մասին, որ ինքը հասարակ մահկանացուների հետ կիսելու բան չունի, չկա էս աշխարհում մի բան, որ իրեն հետաքրքիր է: Իր գրքերը գրելիս նա իր նման կիսաաստվածների հետ է շփվում: Իր հետ նույն օթյակում են Չերչիլը, Տիգրան Մեծը, Գանդին և այլոք...

Հետևաբար էդ մարդուն ինչ-որ-բանա-մետ ընկալելը, մեղմ ասած, մանկամտություն է: Ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը ոչ էլ հավաքական արևմուտքը էդքան չկան, որ Լևոնը դրանցից որևէ մեկին երկրպագի: Իր էգոն դա իրեն երբեք թույլ չի տա: Բայց, ինչպես ցանկացած կիսաստված, նա իրեն պարտավոր է համարում ժամանակ առ ժամանակ մահկանացուներին հիշեցնել, թե ինչու է պետք աստվածներին երկրպագել: Նա դա անում էր 30 տարի շարունակ ընդհուպ մինչև այսօր:

Երբ Տեր-Պետրոսյանը դեռ 90-ականների սկզբին փորձում էր Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել, դա նրանից չէր, որ նա ոմանց պես երազում էր Բաքու-Թբիլիս-Ջեյհանի տենեդրներին փայ մտնի: Ընդհակառակը, թուրքական տարրը ՀՀ տարածքից մաքրելու գործում Լևոնի հետ նույնիսկ Նժդեհը չի կարող համեմատվել: Ընդ որում, մաքրել ու մարսել է: Սակայն, սթափ գնահատելով Հայաստանի խոցելիությունը թուրք-ադրբեջանական տանդեմի կայացման դեպքում, նա փորձում էր սեպ խրեր մի միավորման մեջ, որը մի պայծառ օր հաստատ մի նավթամուղի հաստության սեպ էր խրելու մեր քամագը: Ընդ որում, ինչպես ցանկացած իրեն հարգող կիսաստված, նա դա անում էր հրապարակավ, գնալով մարդկային բազմության կամքին դեմ, թելադրում էր սեփական կամքն ու սպառնում դաժան հետևանքներով, եթե մարդիկ չհնազանդվեն իրեն:

Ինչպես հաճախ է լինում պատմության մեջ, մարդիկ չեն հնազանդվում, ընդհակառակը, հպարտանում են ու աշտարակներ կառուցում աստվածներին գահընկեց անելու համար: Տվյալ պարագայում մեր Բաբելոնյան աշտարակի հիմքում էին Արցախյան հաղթանակները, իսկ շինանյութի դերում հազարավոր զինվորների կյանքը: Առավել հպարտ էին ռուսական տրամադրություն ունեցող մարդիկ, որոնց պարագլուխները փորձեցին գահընկեց անել Լևոնին: Ժամանակը ցույց տվեց, որ փորձը անհաջող էր, թեպետ 22 տարի շարունակ շատերին և այդ թվում ինձ, թվում էր, որ Լևոնը պարտվեց «մեզ հայտնի ուժերին»:

Թեպետ գահընկեցության գործակալները ռուսամետ էին, բուն պրոցեսը տեղի ունեցավ, քանի որ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ստորագրել Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովի դեկլարացիան, որտեղ տեղ էին գտել հակաարցախյան ձևակերպումներ: «Զևսը» բարկացավ իրեն Պրոմեթևս համարող Լևոնի վրա ու պատժեց: Այսինք, թեպետ կատարողները հրահանգավորվում էին Մոսկվայից, բուն իմպուլսն արևմուտքից էր, սրա մասին հայտնել է հենց Լևոնը, պատմելով Նյուտ Գինգրիչի և Ալբերտ Գոռի հետ կապված դրվագը:

Ստեղ զարմանալու բան չկա, օրինակ չեչենական երկու պատերազմների ետևում էլ արևմուտքն էր, բայց բուն հրահրողները ռուսական հատուկ ծառայություններն էին: Չեչնիայում առաջին պատերազմը սկսվեց Արցախյան առաջին պատերազմի դադարից անմիջապես հետո և սկսվեց հենց չեչեն «ակտիվիստների» կողմից Բաքու-Նովորոսիսկ նավթամուղի արգելափակմամբ: Հենց որ Ելցինը գնաց, պատերազմները դադարեցին, իսկ գնաց Ելցինը, քանի որ ոչ Չեչնիայում կարողացավ վիճակը վերհսկել, ոչ էլ կարեցավ Հայաստանում Լևոնին փրկել «Զևսի» չանչերից: Լևոնից հետո եկած Վազգեն Սարգսյանին թվաց, որ նա կարող է նոր նավթամուղին ընդդիմանալ ու ընդդիմացավ մոտ մեկ տարի: Վազգինին սպանելուց երկու շաբաթ հետո ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը շրջանցող նավթամուղի կառուցման պայմանագիրը կնքվեց:

Համարվում է, որ Մարտի 1-ը արդյունք էր նրա, որ Լևոնը փորձեց խանգարել Սերժի հաղթանակին, սակայն չգիտես ինչու (իսկ եթե լավ մտածես, լավ էլ գիտես ինչու) դրանից հետո Տեր-Պետրոսյանն իր ելույթում համագործակցության բացահայտ առաջարկ արեց Սերժ Սարգսյանին: Առաջարկ, որը Փաշինյանի ձեռքերում անընդհատ թափահարող (այդ թվում ՊՊԾ-ի գրավման օրոք) «կոմպրոմատ» դարձավ ու առհասարակ բուռն հանրային արձագանքի արժանացավ: Արձագանք, որը սակայն Տեր-Պետրոսյանին բացարձակ հետաքրքիր չէր: Նա նորից պնդում էր, որ թուրքերի հետ պետք է աշխատել: Կարելի է երկար քննարկել, թե որն էր պատճառը, որ «ֆուտբոլային դիպլոմատիան» տապալվեց, սակայն ակնհայտ է, որ դրա վրա էականորեն ազդած գործոններից մեկն այն փաստն էր, որ Մարտի 1-ին Քոչարյանը Սերժի ջեբը 10 դիակ գցեց` էականորեն թուլացնելով վերջինիս դիրքերը: Ընդ որում, Մարտի 1-ը քննող մարդիկ էլ, չգիտես ինչու (իսկ եթե լավ մտածես, լավ էլ գիտես ինչու), թոշակի կամ փախուստի անցնելուց հետո հանգրվանում են հենց Մոսկվայում: Ամեն դեպքում էսքանով կարելի է փակել Լևոնի ռուսամետ կամ արևմտամետ լինելու դիսկուրսը: Երկու բևեռներն էլ Լևոնի դեմ աշխատել են, քանի որ նա երկուսի դեմ էլ աշխատել է:

Հետ մարտիմեկյան շրջանում Փաշինյանը չարացավ Լևոնի հանդեպ, քանի որ վերջինս Նիկոլի փոխարեն ՀԱԿ-ի ղեկավար նշանակեց Զուրաբյան Լևոնին: Այնպես որ Տեր-Պետրոսյանին Նիկոլի հոգևոր հայր համարելն էլ է շատ թյուր: Լևոնն իր հոգեզավակ է համարում Հայաստանը: Ստեղ պետք է շեշտեմ, որ ոչ թե հայերին, այլ հենց Հայաստանը: Տեղի բնակչությանը նա միշտ վերաբերվել է արիստոկրատական արհամարհանքով` դիտարկելով դա կողմնակի ու անխուսափելի երևույթ:

Հիմա երբ նա ակտիվ քարոզում է, որ ռուսները մեզ թշնամի չեն, նա դա չի անում, որպեսզի մարդիկ մտքափոխվեն: Ո´չ, մարդիկ ու իրենց հույզերն իրեն բացարձակ հետաքրքիր չեն: Նա պարզապես փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ արևմուրտքը չի կարողանա, այդ հույզերի վրա խաղալով, Հայաստանին պարտադրել պետության շահերին հակասող քայլեր: Թեպետ ինչ-որ մասով կարծում եմ Լևոնը նաև իր մուռն է հանում արևմուտքից` իրեն «Կովկասյան լեռներին» շղթայելու և յուր լյարդն արծվի բաժին դարձնելու համար:

Ես նաև վստահ եմ, որ այս ռուսամետ թվացող քարոզը Տեր-Պետրոսյանը տանում է, քանի որ վստահ է, որ հայերն իրականում Մոսկվայի դավաճանությունը դեռ երկար ժամանակ չեն ներելու, այլապես գուցե հենց ինքը կհրահրեր համապատասխան տրամադրությունները: Սակայն արտաքին քաղաքական օրակարգի վրա մարդկանց հույզերի ազդեցությունը նա փորձում է նվազեցնել: Ոչ թե բուն հույզերը (հույզերն ինչպես ասացի իր վեջին չեն), այլ դրանց քաղաքական ազդեցությունը: Նա այդ հույզերը փորձում է վերացնել, որպես քաղաքական գործոն, որպեսզի դա չազդի երկրի արտաքին քաղաքական օրակարգի վրա: Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը պահանջում է երկիր ղեկավարոց աշխատել բոլոր աշխարհաքաղաքական բևեռների հետ երկրի դրսում, իսկ երկրի ներսում աշխատել բոլոր բևեռների դեմ: Լևոնին երկրի ներսը չի վեր հետաքրքրում, դա իր ոլորտը չէ 98 թվից ի վեր: Հրաժարականից ի վեր իր բոլոր ելույթները ու քայլերը կրում էին զուտ արտաքին քաղաքական բնույթ:

Իսկ զուտ արտաքին քաղաքական օրակարգի տեսանկյունից տեղի է ունեցել հետևյալը՝ Ռուսաստանը, փորձելով գրավել Ուկրաինան, Արցախը տվել է Թուրքիային, որպեսզի վերջիններիս զերծ պահի Ուկրիանայում ներգրավվելուց: Էս ա եղածը: Ստեղ Լևոնի համատ չկա թշնամի ոչ հարավում, ոչ արևմուտքում: ոչ էլ արևելքում: Կա ընդամենը պետական շահը, որը թելադրում է, որ մեզ պետք է բոլորի հետ լեզու գտնել, որպեսզի կախված չլինենք միայն մեկ բևեռի կամքից: Ու կապ չունի դա որ բևեռն է, բոլորն էլ պետք եղած վախտ կծախեն մեզ: Նենց չի, որ Պուտինի տեղը դուք այլ որոշում կկայացնեիք, ես սրա մասին հաղորդում էի արել դեռ 2019-ի ամռանը: Ուղղակի պետք չէր թույլ տալ Մոսկվային, որ նրանք կարողանային մեզ ծախել, ինչքան էլ դա բխեր իրենց շահերից: Պետք չէր թույլ տալ որ իրենց շահերը հայ էլիտաների համար լինեին ավելի կարևոր քան մերը: Պետք չէր հիշյալ Բաբելոնի աշտարակը հպարտորեն կառուցել: Հիմա Լևոնը կառուցվելիք նոր աշտարակը հիմքում քանդում է: Համենայն դեպս փորձում է:

Լրիվ նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել Սերժ Սարգսյանի պահած գիծը, միայն թե այն տարբերությամբ, որ Լևոնի իշխանության գնահատականը պատմությունն արդեն տվեց, իսկ Սերժինը կտա ևս մեկ իշխանափոխությունից հետո: Բայց թե Սերժը և թե Լևոնը մտածում են 25-50 տարի հետոյվա մասին: Երկուսն էլ էս աշխարհիկ կյանքում իրենց հետաքրքրող բաներ չունեն, իրենց շփման շրջանակները Արշակունիներն են, Կիլիկիո թագավորներն են, Միկոյանները, Կերեսը, Պլուտոնը, Պրոսերպինան...

Նենց որ Լևոնն էլ Սերժն էլ ճիշտ են, ՌԴ-ն մեզ թշնամի չէ, ոչ էլ Թուրքիան է մեզ թշնամի: Հայաստանը առհասարակ չի կարող իրեն թույլ տա ունենալ թշնամիներ: Փաստացի Հայաստանի միակ թշնամին եղել է ու կա հայությունը, մեր հպարտությունը և այլ մեղքերը որից էլ բխում են մեր բոլոր փորձանքները: Ցավոք Հայաստանը բարեկամ նույնպես չունի ու սա նույնպես պիտի ասվի և հենց սա մատնանշող մարդիկ են որ Լևոնին ու Սերժին տալիս են շռայլություն ասելու այն ինչ իրենք ասում են, այլապես ստիպված կլինեին լռել:

Կարպիս Փաշոյանն ու Արմեն Աշոտյանն էլ քրմեր են, որոնք հավատարմորեն հեռարձակում են իրենց տաճարների կիսաստվածների կամքն ու քանի որ հավատարմությունը Հայաստանում ցավոք սրտի շատ հազվագյուտ երևույթ է` դրա դրսևորումը, ըստ իս, մեծ առաքինություն է:

Հ.Գ. հետաքրքիր է, թե ինչպես է Ռուսաստանի ճակատագիրը կապված Արցախի հետ: Երբ Ստալինը գծերից գցում էր Տրոցկուն, հենց Արցախ-Սյունիքյան ճակատի իրադարձությունները վճռորոշ եղան: Նժդեհը Սյունիքը լքեց այն բանից հետո, երբ պարզ դարցավ, որ Մոսկվայում իշխանությունն անցել է Ստալինին, մինչ այդ պահը նա Կովկասում կենաց մահու պայքար էր տանում Տրոցկի-Քեմալ տանդեմի դեմ: Երբ Սովետը պիտի քանդվեր, հենց Արցախյան պայթյունը եղավ ամենալուրջ հարվածը համակարգին: Երբ Ելցինին հեռացնում էին, սկզբից իր տակից հեռացրին իր հենասյուններից մեկին՝ Տեր-Պետրոսյանին: Ուկրաինական պատերազմի նախերգանքն էլ 44 օրյա պատերազմն էր: Ըստ այս տրամաբանության Նիկոլն էլ կհեռանա Պուտինից մի քանի ամիս առաջ:

Արթուր Դանիելյան