Ալեն Սիմոնյանը թող գնա, մի գիշեր զինվորի կողքը քնի. զոհվածի ծնող

Մանրամասներ

Եթե մենք օրինական երկրում ապրեինք, պատերազմ չէր լինի, հիմա ինչ կատարվում է, անօրինականոթյան պատճառով է։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։

«Ժողովուրդը պետք է իր աչքերը բացի ու հասկանա՝ ո՞ր երկրում է ապրում ու ինչ իշխանություն ունի, էլ ի՞նչ պետք է կատարվի, որ հասկանան։ Անօրինականությո՞ւնը չէր ամիսներ առաջ կատարված դեպքերի պատճառը՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու, Ապարանի դեպքերի, երբ սպանվածի եղբայրը ասում էր՝ միայն վարչապետը կարող է բացահայտել այդ դեպքը, բացահայտե՞ց։ Ո՞վ պետք է պատասխան տա 15 զինվորի համար։ Երբ ասում էինք, որ զոհերի քանակը կշատանա, լուրջ չմոտեցան այս հարցին, տեսա՞նք, որ շատացավ։ Քանի՞ օր է անցել, ունե՞նք ստույգ տեղեկություն հրդեհի մասին, թե ինչ է եղել։ Ես կցանկանայի, որ այդ զոհվածների ծնողները հարցնեն իրենք իրենց՝ երբ ամիսներ առաջ ասում էինք մեր երեխաների արյունը ջուր չի դառնալու, ինչո՞ւ լուրջ չմոտեցան այդ հարցին, պարտադիր պետք է դա կատարվեր իրենց ընտանիքների հետ, որ հասկանային։ Ես դեռ չգիտեմ էլ՝ հասկացել են, թե չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արած այն հայտարարությանը, որ տունը, որտեղ եղել են զինվորները, ունեցել է նորմալ պայմաններ, զոհվածի հայրը ասաց․«Այդպես պետք է ասեն, ուրիշ էլ ի՞նչ պետք է ասեն, Ալեն Սիմոնյանը ասելուց առաջ թող գնա մի գիշեր այնտեղ զինվորի կողը քնի, նոր դրանից հետո, եթե մարդ լինի, ճիշտը կասի»։