Մակրոնը շատ դրական արձագանքեց. Մանրամասներ

Մանրամասներ

Նախօրեին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին։

Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները քննարկել են դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Համակարգող խորհրդի անդամ Մուրադ Փափազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մակրոնի հետ իրենց հանդիպումը մեկ ժամ է տևել, բոլոր հարցերը բարձրացվել են․ «Մենք շեշտը դրեցինք Հայաստանի և Արցախի անվտանգության վրա, հատկապես այն հանգամանքի վրա, որ Արցախի 120․000 ժողովուրդը բլոկադայի պատճառով վտանգ տակ է, կան լուրջ խնդիրներ։ Մենք Մակրոնին ասացինք, որ կարևոր է, որ Ֆրանսիան  կարողանա իր դերը խաղալ իբրև հայ ժողովրդի դաշնակից, որ Հայաստանը և Արցախը ցանկանում են՝ Ֆրանսիան միջազգային գետնի վրա հատուկ դեր խաղալ նախ իբրև Մինսկի խմբի համանախագահ, նաև պրոհայաստանյան դիրքորոշման համար և որովհետև նախագահ Մակրոնը միջազգային բեմի վրա է, փայլուն անձնավորություն է, և իբրև Ֆրանսիայի նախագահ՝ դեր ունի խաղալու»։

Փափազյանի ներկայացմամբ, Մակրոնը շատ դրական է արձագանքել իրենց առաջարկներին․ «Մենք լուրջ առաջարկներով են հանդես եկել, որոնք չեմ կարող բարձրացնել հիմա: Մեկ ժամ տևեց հանդիպումը, կարողացանք հանգիստ ձևով երկխոսություն ունենալ, և դուրս ենք եկել այս հանդիպումից շատ գոհ։

Լաչինի միջանցքի հետ կապված նույնպես առաջարկներ արեցինք, ինքը գիտակցում է, որ հիմա արցախցիների համար հումանիտար ճգնաժամ է, կյանքի հարց է: Ինքը շատ դրական արձագանքեց մեր առաջարկներին և հիմա գործնական քայլեր ենք ակնկալում»,-ասաց նա:

Փափազյանի խոսքով, Ֆրանսիան լուրջ դեր է խաղացել, որ ԵՄ դիտորդները կարողանան իրենց աշխատանքը կատարել Հայաստանում. «Սպասում էինք, որ այսպիսի որոշում տեղի ունենա։ Երբ երեկ հանդիպեցինք նրան, հենց նույն պահին ԵԽ կողմից եղավ ԵՄ դիտորդական առաքելությունը հաստատելու որոշումը: Ֆրանսիան շատ լուրջ դեր է խաղացել, ԵԽ պատգամավորները աշխատել են միասին, որ դիտորդների մանդատը հաստատվի»:

Մուրադ Փափազյանը մտահոգություն հայտնեց, որ կարող է նոր պատերազմ սկսվել արդեն գարնանը. «Որովհետև այսօր Ալիևի և Էրդողանի արժեքը բարձր է գազի արգումենտի պատճառով: Վտանգ կա, որ մինչև մարտ-ապրիլ նոր պատերազմ տեղի ունենա: Պետք է միջազգայնորեն սրա դեմն առնել, մենք ասացինք, որ շատ մտահոգ ենք այս հանգամանքով։ Մենք ամեն օր իր թիմի հետ կապի մեջ ենք, իր հետ 2022-ի փետրվարի 1-ից տեղի են ունենում այդ հանդիպումները։ Մենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք իր հետ: Հիմա Մակրոնի թիմը պետք է աշխատի, եզրակացնելու, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել»,-ընդգծեց ֆրանսահայ գործիչը: