Հրաժարական է տվել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը. Պատճառը կոռուպցիոն սկանդալն է

Մանրամասներ

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով՝ կապված երկրի զինված ուժերի կարիքների համար սննդամթերքի գնման հետ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարը (Ալեքսեյ Ռեզնիկովը) այսօր ընդունել է Վյաչեսլավ Շապովալովի դիմումը՝ իրեն Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ»,- ասվում է նախարարության կայքում։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Շապովալովը պատասխանատու էր Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ նման քայլը կօգնի պահպանել հասարակության և միջազգային գործընկերների վստահությունը, կապահովի օբյեկտիվությունը լրացուցիչ պարզաբանումների և հնարավոր հետաքննությունների հարցում», - նշել են գերատեսչությունում։

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները, մասնավորապես, UNIAN գործակալությունը և Зеркало Недели թերթը հրապարակել էին լրագրողական հետաքննության արդյունքներ. հետաքննության հեղինակները մի շարք փաստաթղթերի հիման վրա պարզել էին, որ ռազմական գերատեսչությունը զինվորականների համար ապրանքներ է գնում՝ կրկնակի կամ երեք անգամ ավելի թանկ գներով, քան նրանով, ինչ կարելի է ձեռք բերել Կիևի մանրածախ խանութներից:

Հետաքննությունը վերաբերում է ՊՆ-ի կողմից Ժիտոմիրի, Կիևի, Պոլտավայի, Սումիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերում տեղակայված զորամասերում սննդի ծառայությունների վերաբերյալ 2023 թվականին կնքված պայմանագրին։ Գործարքի գումարը կազմում է ավելի քան 350 մլն դոլար:

Հունվարի 22-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սննդամթերքի թանկ գնման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, սակայն ներքին վերանայում կիրականացվի: Ռեզնիկովն ասել է, որ տեղի է ունեցել տեղեկատվական լցոնում, և խոստացել է կապ հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ՝ ուսումնասիրելու հանգամանքները։