ՀՀ ԱԳ նախարարը Եվրախորհրդարանի կոմիտեի ելույթում կանդրադառնա Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ծագած ԼՂ հումանիտար ճգնաժամին

Մանրամասներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23֊25֊ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան֊Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ֊ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։

Ըստ աղբյուրի՝ Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։