Մենք գիտենք, որ եռակողմ համաձայնագիրը պատերազմի ավարտի մասին չէ, այլ պատերազմի հաջորդ փուլի սցենարի մասին, որին ականատես ենք լինում․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Հոկտեմբերի կեսերն էր, գիշերը 4-ի կողմերը, «Պոլկովոյ ռացիա» կոչեցյալով գումարտակի հրամանատարը կապ ա տալիս «Գայլ 210»-ին ու մի շարք թվեր թելադրում: «Գայլ 210»-ը մեր ականանետային հաշվարկի «պոզիվնոյն» էր, որը հետագայում դարձավ արագ արձագանքման դասակի, այսինքն` մեր, ընդհանուր «պազիվնոյը»: Թելադրված թվերը կոդավորված հրահանգ էին` շտապ հարվածել չորս թիրախների, որոնց կոորդինատները պիտի ճշգրտվեին մի տետրով, որտեղ նշված էին թվերին համապատասխանող կոորդինատները: Այդ տետրը բնական է բոլորիս աչքի լույսն էր, քանի որ հենց այդ` երկու ականանետից բաղկացած «հաշվարկը» մի քանի անգամ փրկել էր մեր կյանքը: Առհասարակ պատերազմի ընթացքում Ասկերանի գնդի հրետանի փայլուն գործողությունները չլինեին, ես էս տեքստը գրելու հնարավորություն դժվար ունենայի:

Ինչևէ, գիշերվա էդ ժամին արթուն եմ ես որպես դասակի հրամանտար ու «բուդրույուշին»: Տղերքի կեսը խրամաբջիջներում են, մյուս կեսը քնած են մինչև իրենց սմենի ժամը գա: Արագ գրանցում ենք թվերն ու մթության մեջ, իրար վրա քնած մարմինների տակ, փորձում ենք գտնել մեր ականանետ եղբորը:

Գտանք ու սկսեցինք նրեն արթնացնել: Ձեռքերից քաշում նստացնում ենք, ասում ենք կամբատը հենց նոտ հրահանգ ա տվել, պիտի հելնես, խփես: Մեր ախպերը աչքերը բացում ա, դատարկ հայացքով նայում ա պատին, գլխով անում` իբր հասկացավ ու նորից ընկնում: Էլի ենք ձեռքերից քաշում, սկսում ենք քաշքշել, որ արթնանա: Մեր ախպերը էլի զոմբիի պես ասում ա, որ հասկացավ ու էլի անջատվում ա: Մի քանի փորձից հանում, ոտքի ենք կանգնացնում, ականները հանում ենք արկղից, զապալները վրեն շարում ու տալիս իր ձեռքը: Հայացքից երևում ա, որ ինքը դեռ մեզ հետ չի: Արդեն համարյա գոռալով ասում ենք, որ դուրս գա բլինդաժից ու կրակի: Մեր ախպերը մի պահ ուշքի ա գալիս, սաղավարտը գցում գլխին ու դուրս ա վազում դեպի ականանետը:

Համազարկը տալիս ա, հետ ա գալիս բլինդաժ ու սարսափած աչքերով վրես ա նայում: Հարցնում եմ՝ «ի՞նչ ա եղել», ասում ա՝ «տետրը ու՞ր ա»: Ըտեղ մի կես րոպե շշմած իրար վրա ենք նայում: Ջոգում ենք, որ անգիտակից վիճակում գնացել չորս հատ կրակել ա, նոր ա արթնացել ու հասկացել, որ տետրով կոորդինատը չի նայել, ուղղակի կրակել ա: Չորս վատնված ականի համար (մերը էն լավ սերբականներից էր, որը հատիկով էին տալիս) էլ կոմբատը կարող ա հելներ, գար հասներ դիրք ու գյուլլեր:

Մի երկու ժամ բլինդաժը տակն ու վրա ենք անում, հետո պարզվում ա, որ ծոցագրպանն էր դրել, որ հանկարծ չկորցնի...

Ասածս ի՞նչ ա... շաբաթներով խրամատում ծառայած զինվորի քունը, դա քնելու մի առանձին կատեգորիա է: Դու չես քնում է՜, անջատվում ես, բառացիորեն: Ընդ որում, անջատվում ես ցանկացած դիրքում ու վայրում: Ցեխ լինի, ջուր լինի, կես քառակուսի մետր լինի... վրեդ զրահաբաճկոն, սաղավարտ, զենք ու զինամթերք լինի, կապ չունի՝ մեկ ա անջատվում ես ու մի երկու ժամով նենց քնի մեջ ես մտնում, որ արթնանալուց մի քանի վայրկյան չես հասկանում` որտեղ ես գտնվում: Արթնանում ես ապակյա, ոչինչ չարտահայտող աչքերով: Դա դու չես որոշում, տվյալ իրավիճակում քեզ քո օրգանիզմն ա կառավարում, ինքն ա քո փոխարեն որոշում` ոնց քնես, ու ոնց արթնանաս, որ գոնե ինչ-որ չափով հոգնածությունդ վերականգնես:

Մինչև առավոտ մեր ախպերը չքնեց: Եթե կոմբատը գիշերվա կեսին տենց հրահանգ է տալիս, ուրեմն հակառակորդի կուտակում կար ու պետք էր ցույց տալ, որ մենք զգոն ենք, որ չհամարձակվեն գրոհել...

Առավոտը տղերքը բարով խերով իջնում են բջիջներից, կոմբատն էլ մեր ականանետին պալկավոյ ռացիայով գովաբանում է` գերազանց հարված հասնելու համար... Կարար իհարկե հակառակը լիներ, կոմբատը կարար կապ տար ու պատասխան չստանար, քանի որ ականները ուրիշ տեղ էին գնացել, ադրբեջանցիք էլ գրոհել սաղիս կոտորել էին, կամ իրենք էին կոտորվել: Պատերազմը տենց բան ա:

Էդ օրվանից մեր ականանետ եղբոր ածականներին ավելացավ ևս մեկը՝ «Տռավոլտա»...

Սա ընդամենը մի դրվագ էր հազարավոր նմաններից ու, ինչքան էլ տարօրինակ ու սարսափելի հնչի, դա նորմայի մեջ է: Խնդիրը նրանում է, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, մեզ փորձում են համոզել (թե իշխանությունը և, թե «ընդդիմությունը»), որ պատերազմը դադարել է, մենք էլ, շարունակվող պատերազմի հերթական դրվագին ականատես լինելով, շոկի մեջ ենք ընկնում, տվայտվում ենք, մեզ տեղ չենք գտնում... Մենք` մի քիչ քիչ, դուք` մի քիչ շատ: Այդ թվում նաև որովհետև մենք գիտենք, որ եռակողմ համաձայնագիրը պատերազմի ավարտի մասին չէ, այլ պատերազմի հաջորդ փուլի սցենարի մասին: Փուլ որին մենք ականատես ենք լինում:

Հ.Գ. ՈՒ եթե հանկարծ ձեզ թվա, որ այդ դրվագը տեղի էր ունեցել կարգապահության պակասի պատճառով, նկատի ունեցեք, որ մեր բլինդաժում նույնիսկ դուրս գալ, միզելու համար տղերքը պիտի թույլտվություն ստանային:

Արթուր Դանիելյան