Եվրոպական բանակները կարող են որակվել որպես ահաբեկչական կազմակերպություններ. Իրան

Մանրամասներ

Իրանի խորհրդարանը պատրաստվում է ուղղումներ մտցնել գործող օրենսդրության մեջ՝ Եվրամիության երկրների բանակները ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություններ:

Այդ քայլը կարվի՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելուն, հայտարարել Է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ահմադ Նադերին: Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Խորհրդարանում պատրաստվել է «Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պատասխան միջոցների մասին» օրենքում ուղղումներ մտցնելու նախագիծ… Այդ նախագիծը տարածվելու Է ԵՄ-ի բոլոր անդամ երկրների վրա, ինչպես նաև նրանց պատկանող զինված ուժերի, նրանց կազմակերպությունների ու հաստատությունների վրա, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում», – Նադերիի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը:

Նախօրեին Եվրախորհրդարանը հավանություն է տվել մի բանաձևի, որը ԵՄ-ի ղեկավարությանը կոչ է անում ԻՀՊԿ-ն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ իբր ահաբեկչական գործունեության, ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի այս մտադրությունը համարել Է «Եվրոպայի կրակոց սեփական ոտքին»:

Նա կոչ է արել Եվրոպային՝ մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետևանքների մասին և անցնել Իրանի հետ կառուցողական փոխգործակցության։