Կոմունիկացիաների բացման մեր առաջարկներն ուժի մեջ են․ միակ խոչընդոտն Ադրբեջանի՝ միջանցքի պահանջն է

Մանրամասներ

ՀՀ ԱԳ նախարարը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին, իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի կեղծ և իրարամերժ հարաբերություններին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին և այլ թեմաների:

– Ի՞նչ կարող եք ասել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացի վերաբերյալ: Վերջերս նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արևելք-արևմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ:

– Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ:

Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, և մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է: