Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը արդարացված և հիմնավոր չէ. ՔՊ-ական պատգամավոր. Civic.am

Մանրամասներ

Այս պահին պաշտպանության նախարարի հրաժարական պահանջելը արդարացված և հիմնավոր չէ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպին:

«Նախարարի հրաժարական կարող է պահանջվել այն դեպքում, երբ օբյեկտիվ, բազմակողմանի գնահատական է տրվում նրա գործունեությանը։ Պարոն Պապիկյանի աշխատանքը մենք մի շարք ուղղություններով դրական ենք գնահատում և կարծում ենք, որ նա դեռևս շատ անելիքներ ունի որպես պաշտպանության նախարար՝ բանակի վերակազմավորման, բարեփոխումների և այլ ուղղություններով։

Եվ երկրորդ՝ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննություն կիրականացվի, կպարզվեն պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները՝ ինչու է տեղի ունեցել դեպքը, ում մեղավորությամբ, և մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում և իրավական դաշտում։

Ես հասկանում եմ նաև հուզական այս վիճակը, սպասելի էր, որ նման հայտարարություններ և պահանջներ կլինեն, բայց մենք պետք է ողջախոհության շրջանակներում մնանք, հարցը վերաբերում է հայոց բանակին։ Եվ կրկնում եմ՝ Պապիկյանի հրաժարականի պահանջը գնահատում եմ ոչ հիմնավոր»,- ասել է Խաչատրյանը: