Եվրախորհրդարանը կոչ է արել ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու համար

Մանրամասներ

Եվրախորհրդարանի պատգամավորները «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության տրիբունալ ստեղծելու մասին» բանաձևում մտադիր են կոչ անել՝ զրկել Ռուսաստանի պետական ​​ակտիվները սուվերեն անձեռնմխելիությունից և դրանք օգտագործել որպես փոխհատուցում Ուկրաինային, ասվում է փաստաթղթի նախագծում։ Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ակնկալվում է, որ բանաձևի շուրջ քվեարկությունը կանցկացվի հինգշաբթի օրը, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին, ինչպես նաև նրանց գործընկերներին ու դաշնակիցներին՝ քննարկել ռուսական պետական ​​ակտիվների օգտագործման իրավական հնարավորությունը՝ որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ միջազգային իրավունքի խախտման փոխհատուցում, ներառյալ նման ակտիվների հնարավոր զրկումը սուվերեն անձեռնմխելիությունից կամ նման անձեռնմխելիության սահմանափակումը՝ ելնելով նման խախտումների կոպիտ բնույթից», – նշվում է փաստաթղթում։

G7-ի երկրներն ավելի վաղ հայտարարել էին, որ նպատակահարմար են գտնում ուսումնասիրել ռուսական ակտիվներն Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու եղանակները: Դեկտեմբերին G7-ի երկրները հայտարարել էին Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման գործընթացին աջակցելու նպատակով համակարգող հարթակ ստեղծելու մասին։

ԵՄ-ում ավելի վաղ նաև քանիցս հայտարարել են, որ ուսումնասիրում են ռուսական սառեցված ակտիվների հնարավոր օգտագործումն Ուկրաինայի վերականգնման կարիքների համար, սակայն առայժմ Եվրամիությունում նման գործողությունների համար որևԷ օրենսդրական հիմք չկա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «գողություն» Էր որակել Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը՝ նշելով, որ առաջին տարին չէ, որ այդ երևույթը գոյություն ունի, և ԵՄ-ն թիրախավորում Է ոչ միայն մասնավոր անձանց միջոցները, այլև Ռուսաստանի պետական ​​ակտիվները։