Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը` առանց ռուսաստանցի և չինաստանցի միլիարդատերերի. Bloomberg

Մանրամասներ
դավոս

Այս տարի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում Ռուսաստանից որևէ միլիարդատեր չի լինի, հաղորդում է Bloomberg-ը։

«Մինչև վերջերս ռուսաստանցի միլիարդատերերը Դավոսի կարևոր բաղադրիչն էին։ Այս տարի նրանց թիվը զրո է»,- գրում է գործակալությունը՝ հիշեցնելով, որ 2020 թվականին Ռուսաստանի պատվիրակությունը Դավոսում միլիարդատերերի թվով եղել է երրորդը մասնակից բոլոր երկրների շարքում։

Բացի ռուսաստանցիներից, այս տարվա ֆորումը բաց կթողնեն միլիարդատերերը Չինաստանից, որի տնտեսությունը դեռ չի վերականգնվել կորոնավիրուսի շարունակվող բռնկումներից և արժեթղթերի շուկայի անկումից հետո, նշում է Bloomberg-ը։

Ֆորումը կմեկնարկի երկուշաբթի և կտևի մինչև հունվարի 20-ը։ Ընդհանուր առմամբ դրան մասնակցելու համար գրանցվել է 116 միլիարդատեր, ինչը 40%-ով ավելի է, քան 10 տարի առաջ։

Ռուսների ու չինացիների բացակայության ֆոնին ավելացել է գրանցված միլիարդատերերի թիվը Պարսից ծոցի երկրներից։ Հնդկաստանից ֆորումին կգա 13 միլիարդատեր, այդ թվում՝ Գաուտամ Ադանին, որը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes Real-Time վարկանիշում։ Ադանիի կարողությունը գնահատվում է 128,3 մլրդ դոլար։

Ամերիկացի գործարարները, ինչպես միշտ, կազմում են ամենամեծ խումբը՝ ֆորումին կգա 33 միլիարդատեր։

Եվրոպացի միլիարդատերերից Դավոս կայցելի միայն 18 հոգի։ Տնտեսական անկում ապրող Մեծ Բրիտանիայից կգա միայն հնդիկ գործարար, Arcelor Mittal ընկերության ղեկավար Լակշմի Միտալը: