Հայաստանում գործող լաբորատորիաները ամերիկյան չեն, գաղտնի գործունեություն էլ չեն իրականացնում

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Ռուսաստանի պետական հեռուստաալիքներից մեկը նախորդ տարի հունվարին, մոտ 50 րոպեանոց մի հաղորդում էր ցուցադրել, թե ԱՄՆ-ն հետխորհրդային մի շարք երկրներում բիոլաբորատորիաներ է կառուցել, գաղութացրել այդ պետությունները ու դրանց տարածքում կենսաբանական զենք է մշակում ռուսական էթնոսը վերացնելու համար: Դավադրապաշտական այդ սցենարում Ամերիկայի գաղութացրած ու ռուս ազգի դեմ պայքարող երկրներից մեկի դերն էլ տրվել էր Հայաստանին:

Թեև նույնաբովանդակ անհեթեթ պնդումները փարատելու համար Հայաստանի հրավերով ռուսաստանցի մասնագետներն այցելել են մեր երկրի սեփականություն հանդիսացող լաբորատորիաներ, նախորդ շաբաթ ռուսական հեռուստաալիքը կրկնեց հաղորդումը: Ինչ նպատակ է հետապնդում այս պրոպագանդան՝ դժվար է ասել, բայց այն, որ Հայաստանում գործող լաբորատորիաներն ամերիկյան չեն, պարզապես վերազինվել են այդ երկրի ֆինանսավորմամբ ու ոչ մի գաղտնի գործունեություն չեն իրականացնում, ստուգելը հեշտ է: Ավելին, ճիշտ նույն գործունեությամբ, այսինքն վարակների ուսումնասիրությամբ զբաղվող երկու լաբորատորիա էլ առաջիկայում վերազինվելու է նաև Ռուսաստանի ֆինանսավորմամբ:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան