Ռուսական համարանիշներով BMW-ն չենթարկվելով պարեկներին բախվել է պարսպին, հետո՝ բետոնե էլեկտրասյանը․ Ֆոտո

Մանրամասներ

Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացված եղել, որ Երևանում ռուսական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։

Այսօր պարեկները նշված ավտոմեքենան նկատում են Բագրևանդ թաղամասում երթևեկելիս, որի վարորդը հերթական անգամ չարամտորեն խախտում է թույլ տալիս։ Եվ նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆայել Գրիգորյանն ու պարեկ Լուսինե Մանուկյանը փորձում են կանգնեցնել BMW-ն։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական կանգառ հրահանգին, դիմում է փախուստի։

Պարեկները մոտ 5-6 կմ հետապնդում են, ու արդեն Դ․ Մալյան փողոցում BMW-ն կարմիր լույսի տակով անցնում է խաչմերուկը, բախվում բնակչի շինության քարե պարսպին, ապա առաջ ընթանում ու բախվում բետոնե էլեկտրասյանը։ Վարորդը դուրս է գալիս ու դիմում փախուստի։ 

Պարեկները մոտ 500-600 մետր հետապնդել են նրան ու բռնել ։ Պարզվել է, որ վարորդը «Ճվճվ Արոյի» տղան է՝ Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ մահվան ելքով ավտովթարի համար, ինչի հետևանքով 2 ճանապարհային ոստիկաններ էին մահացել, ինչպես նաև նա հայտնի է քրեական պատմություններով։ 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 0․23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։ 

Վերջինս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։