Նիկոլ ու Ռուբեն. Ռուսական սիրո ծնունդ երկվորյակները

Մանրամասներ

Արցախի պետնախարար նշանակվելուց հետո առաջին հարցազրույցներից մեկում (RTVIՌուբեն Վարդանյանը, խոսելով Հայաստանին Արցախի վերամիավորման մասին, պնդել էր, որ «Դա արդեն անցյալում է, եկեք անցյալից չխոսենք, այն ժամանակ դուալիզմ կար, արմատական խնդիր՝ ազգի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության, սեփական պետության ստեղծման․․․ հենց այնպես միանալ եւ դառնալ Հայաստանի գավառներից մեկը, հնարավոր չէ, արցախցիները երբեւէ չէին համաձայնի դառնալ պարզապես Հայաստանի մասը, ինչ որ ռեգիոններից մեկը, այդպես հնարավոր չէր»։

Վարդանյանի ինքնանշանակումը, գրեթե Փաշինյանի «ես եմ ձեր ընտրյալը» բանաձեւով, տարատեսակ արձագանքների արժանացավ Հայաստանում՝ Արցախ աշխարհը բացառություն չէր։ Ռուսանպաստները դա ներկայացրեցին ու շարունակում են ներկայացնել որպես Արցախի փրկության հնարավորություն ու Արցախի հարցում Ռուսաստանի մտադրությունների վկայություն: Արեւմտամետները՝ Արցախը հայաթափելու, Արցախով ՀՀ-ին շանտաժ անելու եւ զիջումներ պարտադրելու Ռուսաստանի ավանդական քաղաքականություն։

Իսկ ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը: Նրա թիմակիցներն ու նրա կուրսի «արեւմտամետի» դիմակով փաստաբանները լայնորեն տարածում են այն թեզը, թե Վարդանյանը թիկունքից հարվածում է Փաշինյանին, հարվածի տակ է դնում Ղարաբաղը եւ նման այլ բաներ։ Արդյոք հնարավոր է Փաշինյանին հետեւից հարվածել, եթե ինքն է իր ցուցադրական եւ գործնական քայլերով Արցախի՝ պաշտոնով «ավագ» օտարողը։

Սկանդալային հայտարարությունից հետո, ինչն արդարացիորեն գնահատվեց Արցախը Հայաստանից օտարելու ռուսական քաղաքականության համատեքստում, Վարդանյանն իր հարցազրույցներում աշխատում էր այլեւս չխոսել այս թեմաներից, միեւնույն ժամանակ պահելով Արցախի անկախ լինելու նարատիվը։ Սա համահունչ էր Սոչիի կլոունադայից հետո Կրեմլից հայ-ռուսական քարոզչական տիրույթ իջեցված՝ կարգավիճակի հարցը սերունդներին թողնելու թեզին։ Պետնախարարն այդ նարատիվի մեջ էր՝ «Պուտինը չի փակում Արցախի կարգավիճակի հարցը, այն թողնելով սերունդներին»։

Պուտինի նշած «սերունդները» խորհրդանշում են ռուսական ներկայության անորոշ ժամկետը կամ ավելի ճիշտ՝ ՌԴ անխուսափելի նահանջը հնարավորինս անկորուստ իրականացնելուն անհրաժեշտ ժամկետը: Բաքվի հետ Արցախի «հանձնման-ընդունման» եւ ամբողջ Արցախը Բաքվին վերաինտեգրելու ելքը այս ընթացքով անխուսափելի է: Այս համատեքստում է պետք դիտարկել «ռուս խաղաղապահներին անժամկետ մանդատ տալու»՝ Փաշինյանի եւ Վարդանյանի միաբերան հայտարարությունները։

Ռուբեն Վարդանյանը, որը տեւական ժամանակ իրեն հեռու էր պահում այս հարցերից եւ փորձում խնդիրը պահել համահայկական իրավունքների համար պայքարի տիրույթներում, Բերձորի միջանցքի արգելափակման 30 օրվա կապակցությամբ կազմակերպված տեսակամրջի ժամանակ չդիմացավ եւ ասաց․ «Ռուս խաղաղապահները շատ սահմանափակ մանդատ ունեն, շատ քիչ քանակով են այստեղ գտնվում։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք ռուս խաղաղապահների և քանակն ավելացնելու, և զենքը ուժեղացնելու, և մանդատի իրավունքն ստանալու, և երկարաժամկետության հարցը լուծելու համար․․․ Վերջ տվեք թիրախավորել ռուսներին այս իրավիճակում։ Ռուս խաղաղապահը չլիներ այստեղ, մենք չէինք լինի ընդհանրապես, դուք ինչի՞ մասին եք ամեն անգամ հարցը տալիս, որ իրենց քննադատե՞նք, չեմ անելու ես, որովհետև ես հասկանում եմ, թե իրենք ինչի համար են այստեղ։ Իրենք չլինեին, մենք չէինք լինի․․․»։

Տեղ հասանք: Էս տեսակ բան նույնիսկ ռուսի անվանական մանդատով հայոց գահին հայտնված Նիկոլ Փաշինյանը չէր կարող ասել: «Եթե ռուսը չլիներ, էս Հայաստանն էլ չէր լինի» 100-ամյա վաղեմության երգը վաղուց հայհոյանքի համարժեք անպարկեշտություն է հայկական հողում, պարոն Վարդանյան: Դուք տեղյակ չեք տեղական իրողություններից: Հայը վաղուց այլ կարծիքի է. «եթե ռուսը չլիներ, իր թուրք եղբայրների հետ, հիմա մեծ Հայաստան էր լինելու»:

Վարդանյանի հայտարարությունները կասկած չեն թողնում, որ առաքվել է Արցախ ամեն հայի համար նվիրական աշխարհը Հայաստանից օտարելու եւ իր իսկ կեղտի մեջ խեղդվող Մոսկվայի համար փրկարար ՄԱԿ-ի մանդատ կորզելու համար: Մտահղացումը անգլիախոս, ազատական, միլիարդատեր, ազգությամբ հայ բանագնացի գործադրումն էր: Մոսկվա-Երեւան-Բաքու հանցավոր գործակցության շրջանակում իրականացվող «բլոկադա» աֆերան գնալով ավելի գարշահոտ է դառնում: Հայկական քաղաքական երկրակամարում փայլփլող ամեն ոք պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը մեր շան որդին է, մեր ձեռակերտ պատուհասը, եւ մենք երաշխավորում ենք նրա երկար եւ յուրովի երջանիկ կյանքը: Մնացածները՝ ուրիշ խնդիր են:

Լրագիր