Արցախում անհանգստացած են, որ Նիկոլ Փաշինյանը փոխում է ՀՀ-ի վեկտորը ՌԴ-ից դեպի Արևմուտք

Մանրամասներ

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքը» զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ:

— Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, իր ասուլիսի ժամանակ մեկ անգամ եւս պաշտոնապես անուղղակիորեն հայտարարեց, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, եւ Արցախի ճակատագիրը պետք է որոշի տեղի ժողովուրդը: Այս պայմաններում ինչպե՞ս եք տեսնում հետագա շփումը Արցախի եւ նիկոլական Հայաստանի միջեւ:

— Կարծում եմ՝ Հայաստանը երբեք չի կարող լինել մեկ անձի ենթակայության տակ: Եթե այսօր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, դեռ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է նիկոլական: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին եւ Արցախին ընդհանրապես, այս պայքարը չի սկսվել Նիկոլ Փաշինյանով եւ չի էլ ավարտվելու նրանով: Նիկոլ Փաշինյանը եթե շատ ցանկանա, կարող է ինչ-որ խոչընդոտ դառնալ այդ ճանապարհին, սակայն սա համայն հայության որդեգրած պայքարն է, որը սկսվել է դեռեւս 1988 թ.-ից եւ շարունակվելու է: Ներկայիս այս իրողություններն, իհարկե, խիստ դժվարացնում են արցախահայության պայքարը, սակայն, ըստ իս, սա ժամանակավոր բնույթ է կրում, եւ Նիկոլ Փաշինյանն ինքը ժամանակավոր բնույթ է կրում: Որեւիցե կերպ նա չի կարող կասեցնել այդ պայքարը, որովհետեւ մասնավորապես դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շուրջ 70 հազարանոց մեր հանրահավաքը ցույց տվեց, որ վերահաստատում ենք մեր մոտեցումը եւ պայքարելու ենք հանուն ազատ, անկախ եւ հայկական Արցախի:

— Արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը մատնացույց է անում, որ բավարար ֆինանսավորում Հայաստանը տրամադրում է Արցախին: Արդյոք Հայաստանի միակ պարտավորությունը սա է Արցախի հանդեպ:

—  Իհարկե՝ ոչ: Այդ ֆինանսների ուղղելը դեպի Արցախի Հանրապետություն շատ մեծ օգնություն է, որը ստանում ենք: Սակայն, կարծում ենք, որ Հայաստանը, որպես ճանաչված պետություն, ոչ միայն իր ֆինանսական հնարավորություննե- րով պետք է օժանդակի Արցախի Հանրապետությանը, այլ իր ունեցած ողջ գործիքակազմով, որոնք կարող է օգտագործել ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ բոլոր պետական գործողությունների մեջ: Արցախի Հանրապետության միջազգային հարթակներում հանդես գալու հնարավորությունը միմիայն ՀՀ խողովակների միջոցով կարող է լինել, բանակցությունների ժամանակ Հայաստանն է ներկայացնում Արցախի Հանրապետությունը, եւ ՀՀ իշխանություններն ուղղակի պարտավոր են իրենց բո- լոր պետական գործիքակազմները ծառայեցնելու համայն հայության եւ մասնավորապես՝ արցախահայության դարավոր երազանքն ի կատար ածելու համար:

— Կա՞ մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ավելի հեռուն գնալ եւ Արցախին ֆինանսական աջակցությունից զրկել կամ արցախցիներին՝ ՀՀ անձնագրերից, քանի որ ակնհայտ է, որ նա Արցախից «ձեռքերը լվանում է»:

— Այն, որ Արցախից Նիկոլ Փաշինյանը եւ իր շուրջ հավաքված իշխանական խումբը «ձեռքերը լվացել են», դրա մասին վաղուց ենք ասել: Իսկ այն, որ նա կարող է անկանխատեսելի ինչ-որ գործողություններ անել, արդեն մեզ համար, կարծես թե բնական է դարձել: Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախի համար պայքարելուց, բայց, անկեղծ ասած, չեմ կարող ենթադրություններ անել, թե ինչ քայլերի կարող է գնալ: Ամեն դեպքում, նորից ընդգծում եմ՝ Նիկոլ Փաշինյանով չէ պայմանավորված համայն աշխարհասփյուռ հայերի պայքարելու որոշումը: Կարծում եմ՝ մայր Հայաստանը, Արցախի Հանրապետությունը եւ համայն հայությունը պետք է պատրաստ լինեն դիմագրավելու ցանկացած նման մարտահրավերների եւ խնդիրների, որոնք այսօր արդեն իսկ առաջացրել է Նիկոլ Փաշինյանը: Եվ միգուցե հենց վաղը ենթադրյալ այդպիսի խնդիրներ կարող է առաջանալ։

— Այն, որ արդեն մեկ ամսից ավելի է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, մեղքի առյուծի բաժինը Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ռուսների «գրպանը գցեց»: Դրան էլ նախորդել էր այն, որ ծռերի ԱԺԲ-ն էր մեղադրում Ռուսաստանին՝ փորձելով շրջափակել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան: Ինչպե՞ս են այս ամենին վերաբերվում Արցախում:

— Ինչ-որ չափով Արցախում Նիկոլ Փաշինյանի վարքագծին սկսել են ավելի հանգիստ նայել, որովհետեւ բոլորն էլ հասկացել են, որ 2018 թ.-ից սկսած ամեն տեսակի ձախողումներից հետո նա պատրաստ է բոլորին մեղադրել, ասել, որ դուք եք պատճառը եւ ոչ թե` ինքը: Դրա համար այս վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ միջանցքի բացման պատասխանատվությունից խուսափելը՝ այն դնելով ՌԴ-ի վրա, մեզ համար նորություն չէ: Բայց մենք միանշանակ համոզված ենք, որ եթե այսօր հարաբերական անդորր կա, եւ 120 հազար բնակիչ այս կամ այն ձեւով, համենայնդեպս, կարողանում է ապրել դեռեւս Արցախի Հանրապետությունում, դրա մեջ մեծ դերա- կատարություն ունեն նաեւ ռուս խաղաղապահները: Ուստի՝ քարկոծելով ռուս խաղաղապահներին կամ դժգոհելով ու բողոքելով ՌԴ-ից որեւիցե լավ տեղ չենք հասնելու: Իհարկե, նաեւ չենք բացառում այն հանգամանքը, որ այսօր կա նաեւ միgուցե ավելորդ սպասելիքներ ՌԴ-ից, միգուցե որոշակի գործողություններ այնպես չի կատարվում, ինչպես կցանկանայինք, սակայն սա չի նշանակում, որ պետք է բողոքենք ու փնովենք դարավոր ռազմավարական դաշնակցին, ինչպես այսօր անում է ՀՀ իշխանությունը: Եվ սա կատարում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ զուտ, որպեսզի պատասխանատվությունն իր վրայից գցի: Դրա համար Արցախում այդքան նշանակություն չեն տալիս Նիկոլ Փaշինյանի այդ հակառուսական կեցվածքին, այլ հարց է, որ մարդիկ անհանգստացած են, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, փոխում է Հայաստանի վեկտորը ՌԴ-ից դեպի Արեւմուտք: Այստեղ մենք ավելի շատ խորքային վտանգներ ենք տեսնում, քան զուտ ՌԴ-ին մեղադրելը:

— Սա բացատրում է Նիկոլ Փաշինյանը նրանով, թե ստացվում է, որ ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլեւ ընդակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար: Ըստ Ձեզ, հրաժարվելով ռուսական ռազմական ներկայությունից, հնարավոր լինելո՞ւ է անփորձանք հարեւանություն անել Ադրբեջանի հետ:

— Նիկոլ Փաշինյանից դեռ ավելի առաջ եւս ունեինք այնպիսի ղեկավար, որը հայտարարում էր, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանվածությունն իր անպաշտպանվածության մեջ է (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.): Կարծում եմ՝ նման թեզեր բացմիցս կշրջանառվեն տարբեր իշխողների կողմից, եւ այս ամենը ներկայացվում է` սին տրամաբանական կապեր գտնելով: Ես լսել եմ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, այդպիսի սին տրամաբանական կապերի միջոցով ցանկանում են ՀՀ հանրությանը գցել շփոթության մեջ: Դրա իրական իմաստն այն է, որ իրականությունը ժո- ղովրդին ցույց տալու փոխարեն՝ կարողանա ինչ-որ ձեւով բացատրություն տալ այն մտքերին, որոնք ի վերուստ իր գլխում եղել է: Եթե դու ցանկանում ես հրաժարվել ՌԴ օգնությունից, ապա բազմաթիվ պատճառներ եւ հանգամանքներ կիարողանաս հորինել եւ ներկայացնել ժողովրդին: Բայց դրանք զուտ քաղաքական մանիպուլիացիաներ են եւ իրականության հետ որեւիցե կապ չունեն:

— Փաստացի այս պահին Արցախի անվտանգությունն ապահովում է եւ հումանիտար խնդիրները լուծում է ռուս խաղաղապահը: Այս առումով ստեղծված իրավիճակի` որպես ելք հնարավոր համարո՞ւմ եք Արցախը դիմի ՌԴ-ին՝ իր կազմի մեջ մտնելու խնդրանքով:

— Այս պահի դրությամբ՝ նման հարց չի քննարկվում: Այո, ռուս խաղաղապահ- ներն այսօր իրականացնում են Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական դերակատարումը եւ ներկայիս հումանիտար աղետի պայմաններում նաեւ որոշակի չափով մեղմում են հումանիտար խնդիրները, սակայն նման հարց քննարկման սեղանին չկա: Մենք գտնում ենք,  Մենք գտնում ենք, որ այն համահայկական պայքարը եւ իղձերը, որոնք սկսվել են 80-ական թվականներից եւ, ինչու ոչ, դրանից էլ ավելի շատ առաջ, ազատ եւ անկախ հայրենիքում ապրելու իրավունքի իրացումն է: Իսկ թե ինչպես կզարգանան հետագայում իրադարձությունները, չեմ կարող ասել:

— Արցախի նախագահ Արայիկ Հա- րությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի հայտարարության մեջ կրկին դիմում կա միջազգային հանրու- թյանը: Մեկ ամսից ավել շրջափակման մեջ գտնվող Արցախի ապաշրջափակման համար որեւէ քայլ չարած նույն միջազգային հանրությունից դեռ ի՞նչ կարելի է ակնկալել: 

— Միջազգային հանրությունից, ՀՀ իշխանություններից եւ ընդհանրապես բոլորից չպետք է դադարենք ինչ-որ մի բան ակնկալել եւ պետք է պայքարը շարունակենք՝ անընդհատ առերեսելով միջազգային հանրությանը, ՀՀ իշխանություններին եւ մյուս պետություններին այն իրականության հետ, որ 21-րդ դարում տեղի են ունենում էթնիկ զտումներ եւ ցեղասպանության վտանգ կա: Պետք է անընդհատ այդ հարթակներին բերենք այն պատասխանատվության զգացման, որ այս աղետների պատասխանատուն դուք եք եւ պետք է պատասխանատվություն կրել դրա համար: Կարծում եմ՝ կգա ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի պահ, որ սա սթափեցնող կլինի: Վերադառնալով Ձեր հարցին՝ նշեմ, որ հիմնական շեշտը ոչ մiայն միջազգային հանրության վրա է դրված, այլ առավել եւս ՀՀ մեր քույրերի եւ եղբայրների կամքի եւ հաստատակամության վրա, ինչպես նաեւ պահանջ է առ Հայաստանի իշխանություններ, որ չպետք է Արցախի Հանրապետության եւ նրա 120 հազար բնակիչներին թողնել միայնակ: Կարծում եմ՝ սրանք կոմպլեքս գործողություններ են, որոնք պետք է օր ու գիշեր կատարել՝ չհոգնելով, չհիասթափվելով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։