Ալկոհոլային որոշ խմիչքների արտադրությամբ զբաղվողները կազատվեն լիցենզիայի պարտադիր պահանջից

Մանրամասներ

Ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կազատվեն լիցենզավորման պարտադիր պահանջից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունները վերաբերելու են մասնավորապես գարեջրի, խնձորի և հատապտղային գինիների, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտի պարունակությամբ այլ խմիչքների, ինչպես նաև մինչև 100 հազար լիտր շշալցված կոնյակի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին։

«Այս ոլորտներում լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատվեն ավելորդ թղթաբանությունից։ Այն, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ ավելի շատ թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում»,– ասաց Քերոբյանը։ Նույն նախագծով առաջարկվում է նաև որոշ ալկոհոլային խմիչքների բիզնեսով զբաղվողների համար նվազեցնել պետական տուրքի չափը։

«Դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են։ Այսօր ընկերությունները պետք է դրանց արտադրության համար վճարեն 15 միլիոն դրամ, հիմա նվազեցնում ենք մինչև 3 միլիոն, ինչը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար։ Այդ տեսակի արտադրանքը բավական մեծ պահանջարկ ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտաքին շուկաներում»,–  նշեց Քերոբյանը։ Նաև առաջարկվում է վերացնել շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը, որը ներկայում 1 լիտրի համար կազմում է 25 դրամ։