Արկածախնդիրներն իրենց հաշիվ չեն տալիս հետևանքների հարցում, երբ կոչ են անում ՀՀ–ում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը. Զախարովա

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանք ունեն դարավոր, բարեկամական բնույթ, և որ Մոսկվան պատրաստակամ է հետայսու էլ ամրապնդել դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերով, այդ թվում ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում:

«Այս ֆոնին Երևանից ստացվող հայտարարություններն առ այն, մեջբերում՝ թե իբր «ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», անհեթեթություն են: Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, հսկում են նրա սահմանները:

Սա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել: Ընդ որում, ՀՀ գործող ղեկավարությունը նախկինում  հրապարակավ ասել է, որ ռուսական ներկայությունը երկրում համապատասխանում է երկրի ազգային շահերին: Դե իսկ այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում», - ընդգծել է Զախարովան: