Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ պայմանավորվել է. Սեյրան Օհանյան․ Վիդեո

Մանրամասներ

Զորավարժություններն ընդհանրապես անցկացվում են ոչ թե մարտահրավերներից, սպառնալիքներից խուսափելու, ալ դրանց դիմագրավելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց, քանի որ դրանք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում:

«Ակնհայտ է, որ դեռեւս սպառնալիք է մնում թուրք-ադրբեջանական տանդեմը: Եթե ՀԱՊԿ համակարգը, եթե հայ-ռուսական հարաբերությունները նաեւ նրա համար են, որ մենք դիմագրավենք սպառնալիքներին Թուրքիայից, ապա նաեւ հասարակ զորավարժությունները նրա համար են, որ դիմագրավենք այն սպառնալիքները, որոնք գալիս են Ադրբեջանից: Զորավարժությունների հիմնական նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ շրջանակներում նաեւ միջազգային փորձի փոխանակումն է:

Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, եթե մենք հրաժարվում ենք ՀԱՊԿ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ մեր ԶՈՒ պատրաստության մեջ հրաժարվենք ամենաբարձր գագաթնակետի ուսուցման ձեւից, որտեղ կատարելագործվում են նաեւ դաշտային պատրաստվածությունը պատերազմ մղելու համար: Երկրորդ, ՀԱՊԿ-ի զորավարժություններին այսօր այլընտրանք գոյություն ունի՞, թե ոչ: Իհարկե չունի: Մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել եւ նման միջոցառումները պետք է օգտագործել մեր ԶՈՒ պատրաստականության, ունակությունների բարձրացման համար»,-ասաց Օհանյանը:

Նա նկատեց, որ զորավարժություններով հնարավոր լարվածություն ստեղծելու մասին վարչապետի հայտարարությունը խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունները որոշակի պայմանավորվածություններ ունեն ադրբեջանցիների եւ թուրքերի հետ, որ չպետք է կատարելագործեն մեր ունակությունները ոչ միայն մեր բանակի ներսում, այլեւ այն ռազմաքաղաքական դաշինքի հետ, որի շրջանակներում Հայաստանն աշխատում է:

«Եթե ինքն ասում է, որ տարածաշրջանում լարվածություն կարող է ստեղծել, դա նշանակում է, որ այն խոսքերը, որ Ալիեւի այն խոսքերը, որ չպետք է թույլ տանք, որ հայկական բանակը կայանա, որ լավ չի ընդունում, երբ հայկական բանակը նոր զենք-զինամթերք է ձեռք բերում  Հնդկաստանից, սա նշանակում է, որ այդ պայմանավորվածությունն իրողություն է: Դուք չեք տեսնո՞ւմ, որ պարտված իշխանություններն անընդհատ ճնշման, թելադրանքի ներքո են»,-ասաց նա: