Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում չքաղաքականացնել համավարակը, այլ համատեղ պայքարել դրա դեմ

Մանրամասներ
ա

Չինաստանը մյուս երկրներին կոչ է անում չքաղաքականացնել COVID-19-ի համավարակը, այլ համատեղ ջանքեր գործադրել դրա դեմ պայքարելու համար, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը: Այս մասին հաղոդում Է ТАСС գործակալությանը:

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ բոլոր կողմերը կկենտրոնանան անմիջապես համավարակին դիմակայելու վրա և կխուսափեն այն քաղաքականացնող ցանկացած խոսքից կամ գործողություններից», – ասել Է Մաո Նինն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում:

Նա միջազգային հանրությանը կոչ Է արել ավելի լավ համախմբվելև ավելի ջանասիրաբար աշխատել համավարակը հնարավորինս շուտ հաղթելու համար: Վկայակոչելով առողջապահական բնագավառի փորձագետներին՝ Մաո Նինը նաև նշել է, որ չինացի ուղևորների համար մուտքի հատուկ սահմանափակումների անհրաժեշտություն չկա:

2022 թ.-ի վերջին Չինաստանում արձանագրվել է COVID-19-ով հիվանդացության աճ։ Օմիկրոն շտամի հարաբերական անվնասության մասին չինացի գիտնականների պնդումների ֆոնին ՉԺՀ-ի իշխանությունները չեղյալ են հայտարարել հակաքովիդային սահմանափակումների մեծ մասը: Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով աշխարհի մի շարք պետություններ և տարածաշրջաններ մայրցամաքային Չինաստանի բնակիչների համար պարտադիր են դարձրել մեկնելուց առաջ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելը։

Մասնավորապես, դա արել են ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրալիան, Հնդկաստանը, Կանադան, Մալայզիան, Թայվան կղզին, Հարավային Կորեան, Մարոկկոն, Կատարը և Ճապոնիան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 3-ին Մաո Նինը հայտարարել էր, որ Պեկինը պատասխան միջոցներ կձեռնարկի այն պետությունների և տարածաշրջանների նկատմամբ, որոնք մուտքի սահմանափակումներ են ներմուծել Չինաստանի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների պատրվակով։ Պեկինը նաև հրաժարվել էր եվրոպական պատվաստանյութերից, որոնք առաջարկել էր ԵՄ-ն Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին: