Կանայք կարողանում են հոտով զգալ միայնակ տղամարդկանց

Մանրամասներ

1

Մաքուորի համալսարանի հոգեբանների փորձը ցույց է տվել, որ հետերոսեքսուալ կանայք հոտով զգում են, թե որ տղամարդիկ են «զբաղված», որոնք՝ ոչ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում:

Գիտնականները փորձարկման համար հավաքել են 18-35 տարեկան 82 կանանց խումբ: Նրանց առաջարկել են գնահատել տղամարդկանց մարմնի հոտերը եւ նրանց դեմքերը: Յուրաքանչյուր մասնակից ստացել է վեց տղամարդ՝ նրանցից երեքը ամուրի են եղել, իսկ երեքը՝ հարաբերությունների մեջ: Տղամարդիկ 24 ժամ կրել են շապիկ, որից կանայք հետո պետք է հոտ քաշեին։ Կանայք պետք է պատասխանեին նաեւ այն հարցերին, թե որքանով է իրենց դուր գալիս այդ հոտը եւ որքան սեքսուալ է տղամարդը։

Գիտնականները պարզել են, որ միայնակ տղամարդկանց մարմնի հոտերը բոլոր կանայք ավելի ուժեղ են զգացել, քան հարաբերությունների մեջ գտնվող տղամարդկանց հոտերը: Ամուսնացած մասնակիցները նաեւ միայնակ տղամարդկանց դեմքերն ավելի առնական են գնահատել։ Հետազոտողների կարծիքով՝ զուգընկեր ունեցող կանայք օվուլյացիայի ժամանակ միայնակ տղամարդու արտաքինը ավելի գրավիչ են համարել, քան «զբաղված» տղամարդկանցը։

«Կանայք միայնակ տղամարդկանց տարբերում են նրանց տեստոստերոնի մակարդակի հիման վրա: Տեստոստերոնի բարձր մակարդակը կապված է ավելի ուժեղ հոտի հետ: 2010 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայնակ տղամարդիկ տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ ունեն: Էվոլյուցիոն տեսանկյունից կանանց համար կարող է ձեռնտու լինել միայնակ տղամարդկանց բացահայտելը, քանի որ նրանք ավելի շատ ռեսուրսներ եւ ժամանակ կունենան կանանց համար»,- բացատրել են գիտնականները: