ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվում է հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակությունը մեկնաբանելուց

Մանրամասներ

1

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում առաջարկվում կարգավորել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումներն ուղիղ ընթանում են Բաքվի և Երևանի միջև»,- ասել է նա։ Գալուզինը հավելել է, որ «Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա ամրագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության մեջ»։

«Այդպիսի զգայուն թեմայով բանակցությունները ունեն խիստ գաղտնի բնույթ։ Դրանց բովանդակության մեկնաբանության, այդ թվում ղարաբաղյան հարցի, մենք իրավունք չունենք։ Դա միայն կվնասի գործին»,- նշել է նա։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմազատման մասին՝ Գալուզինը նշել է, որ ռուսական կողմը հույս ունի այդ հարցի փուլային լուծման։ «Ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման «ճանապարհային քարտեզը»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Նրա խոսքով՝ առաջնահերթություն են հանդիսանում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, մարդասիրական խնդիրների լուծումը։