Երևանում անվանակոչվել են մի շարք փողոցներ

Մանրամասներ

1

Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ավագանու որոշմամբ անվանակոչվել են երևանյան մի շարք փողոցներ:

Մասնավորապես, Արաբկիրի 49-րդ փողոցն անվանակոչվել է ԽՍՀՄ ներքին ծառայության ոստիկանության գեներալ-մայոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի, Արաբկիրի 37-րդ փողոցը՝ հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի, Արաբկիրի 39-րդ փողոցը՝ հետախույզ Գևորգ Վարդանյանի, Արաբկիրի 17-րդ փողոցը՝ հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի, Արաբկիրի 19-րդ փողոցը՝ անվանի բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի, Արաբկիրի 23-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի, Արաբկիրի 25-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անուններով:

Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն էլ այսուհետ կկրի հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի, Նորքի 17-րդ փողոցը՝ Բուժաշխատողների անունը:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանը մայթերը մաքրելու համար նախատեսված 50 միավոր հատուկ տեխնիկա ձեռք կբերի: Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 35 միլիոն դրամ: