Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում տեւական պատերազմի․ Սթոլթենբերգ

Մանրամասներ

1

Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում տեւական պատերազմի, իսկ Կիեւին աջակցող ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն զենք ուղարկել մինչեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանա, որ չի կարող հաղթել մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը AFP-ին տված հարցազրույցում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ ոչ մի նշան չկա, որ Պուտինը «հրաժարվել է Ուկրաինայի նկատմամբ վերահսկողության իր ընդհանուր նպատակից»։ 

«Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին։ Ռուսաստանը տեւական պատերազմ է պլանավորում»,-ասել է նա։

«Մենք տեսնում ենք, որ նրանք ավելի շատ ուժեր են մոբիլիզացնում, որ պատրաստ են ավելի մեծ կորուստներ կրել, որ փորձում են ավելի շատ զենք եւ զինամթերք ձեռք բերել»,-հավելել է Սթոլթենբերգը։

Նա նաեւ պատմել է, որ բանակցություններ են ընթանում Patriot ԶՀՀ-ների մատակարարման շուրջ, բայց միեւնույն ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պետք է վստահ լինեն, որ ունեն բավարար զինամթերք եւ պահեստամասեր, որպեսզի մինչ օրս ուղարկված զենքն աշխատի։

«Մենք դաշնակիցների միջեւ երկխոսություն ենք վարում լրացուցիչ համակարգերի շուրջ, բայց գնալով ավելի կարեւոր է դառնում մատակարարված բոլոր համակարգերի աշխատունակության ապահովումը»,-ընդգծել է նա։

Ավելի շատ զենք եւ զինամթերք տրամադրելու Ուկրաինայի պահանջները սպառել են ՆԱՏՕ-ի անդամների պաշարները եւ մտավախություն առաջացրել, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական  արդյունաբերությունը ի վիճակի կլինի բավարար քանակությամբ զենք արտադրել։

«Մենք մեծացնում ենք արտադրությունը հենց դրա համար, որպեսզի կարողանանք համալրել մեր սեփական պաշարները զսպման եւ պաշտպանության համար, ինչպես նաեւ շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում։ Դա նշանակում է երկարաժամկետ հեռանկարում գործարանների աշխատանքային հերթափոխի ավելացում, իսկ ժամանակի ընթացքում՝ զենքի համատեղ գնումների ավելացում եւ արդյունաբերությանը պահանջարկի երկարաժամկետ ազդանշանների տրամադրում՝ ավելի շատ ներդրումներ ապահովելու նպատակով»,-հավելել է Սթոլթենբերգը։