Լաչինի միջանցքի «ընդունում- հանձնո՞ւմ»...

Մանրամասներ

1

Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունների ղեկավարները երեկ հանդիպել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։ Հանդիպման ընթացքում խորհրդարանականները շեշտել են, որ Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրումը՝ պահանջելով նման քայլի չգնալ։

Խաղաղապահ առաքելության ղեկավարն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նախօրեին ավելի սկանդալային հայտարարություն էր արել: Նա ասել էր, թե Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։ Նա նշել էր, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։

Իհարկե, դրան հաջորդեցին Արցախի գրեթե բոլոր իրավասու մարմինների հերքումները, թե Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ է բացվելու:

Ինքը՝ Վոլկովը, որևէ հերքող հայտարարություն չի արել, գոնե հրապարակային հարթության վրա:

Ըստ էության, հերքելու բան էլ չկա, որովհետև գեներալն, ըստ ամենայնի, «մինի մաքսակետ» տերմինն օգտագործել է պայմանական:

Նրա խոսքի մեջ սա չէր հիմնական ուղերձը. գեներալը չի էլ ասել, որ ադրբեջանցիներն են վերահսկելու միջանցքը:

Նրա ուղերձն այլ էր, որ ադրբեջանցիներն իր առջև խնդիր են դրել՝ ուժեղացնել Հայաստան- Արցախ միջանցքի վերահսկողությունն, ինչն ինքն անում է:

Ինչքան հասկանում ենք՝ Արցախի պատգամավորները հակադրվել են ռենտգեն-սկաների տեղադրմանը, բայց գեներալից հավաստիացումներ չեն լսել:

Հիմա գանք իրականություն:

Բաքվում հասկանում են, որ ուկրաինական պատերազմի հետևանքով տարածաշրջանում թուլացել են Ռուսաստանի կարողությունները ու ձգտում են ուժեղացնել իրենց «ներկայությունը» Լաչինի միջանցքում:

Մոսկվան, այս պարագայում, երկու լուծում ունի:

Ադրբեջանի հետ բացահայտ հակադրությունը կարող է «երկրորդ ճակատ» բացել, ինչը ճակատագրական կդառնա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև՝ տարածաշրջանի համար, որը կարող է հայտնվել մեծ պատերազմի երախում:

Մյուս կողմից, ադրբեջանական պահանջների պերմանենտ կատարումը թուլացնում է այն մոտիվացիոն հիմքը, ինչը Ռուսաստանի զինուժին պահում է Արցախում:

Արցախի իշխանություններից ու ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունից պահանջվում են բարդ, ոչ ստանդարտ լուծումներ:

Վահրամ Բագրատյան, mediahub.am