Համակարգչային խաբեության զոհ չդառնալու երաշխիքը անձնական տվյալները չհրապարակայնացնելն է

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Քննչական կոմիտեն ավարտել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, գործը ուղարկել դատարան:

Հովհաննես Վարդանյան (ՀՀ Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ) - Քրեական գործի առաջին դրվագը կատարվել է 2020 թվականի նոյեմբերին, տևական ժամանակ տևող հանցագործություն էր մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:

Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների քննության մասնագետը ցույց է տալիս հանցավոր խմբի՝ ֆեյսբուք սոցիլական ցանցում բացած առաջին կեղծ էջը, ինչպես է աշխատել մեխանիզմը:

Հովհաննես Վարդանյան - Մանիման վարկային կազմակերպության էջն է, գրել են որ տալիս են աշխատավարձի հնգապատիկի չափ վարկ:

Քննությամբ պարզվել է, որ Երևանաբնակ երկու ընկերներ կեղծ էջերով ներկայացել են որպես վարկային կազմակերպության գործակալներ և վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ բազմաթիվ քաղաքացիների էլեկտրոնային դրամապանակների հասանելիություն ստացել, տնօրինել նրանց հաշիվները:

Հովհաննես Վարդանյան - էլեկտրոնային կազմակերպության կոդը ներկայացրել են որպես վարկի տրամադրման հաստատման կոդ և այդ անձանց անուններով ձևակերպել վարկեր և հափշտակել: Ընդհանուր առմամբ` տվյալ քրեական գործով տուժող անձինք 65 են: Ընդհանուր գումարի չափը գերազանցում էր 7 մլն դրամը:

Գործով 65 տուժող ճանաչվածներից 17 են միայն հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, մյուս դեպքերը բացահայտվել են նախաքննության ընթացքում: Քաղաքացիներին պատճառված վնասից 2,900,000 դրամը վերականգնվել է, աշխատանքներ են տարվում խաբեությամբ հափշտակված մնացած գումարների վերադարձի ուղղությամբ:

Հովհաննես Վարդանյան - Այս եղանակով խաբեություն այլևս չի կատարվում. ինչն է պատճառը` հանցավոր խումբը բացահայտված է, մի հոգի կալանավորվել է, մյուսի նկատմամբ ընտրված է խափանման միջոց:

Եթե Ֆեյսբուքում նման խաբեություններ այժմ չեն նկատվում, չի նշանակում` դրանք վերացել են: Հովհաննես Վարդանյանի պնդմամբ` հիմա էլ հաճախակիացել են list.am կայքում՝ առ ու վաճառքի գործերով խաբեությունները: Քննչական կոմիտեն հորդորում է զգոն լինել, անձնական տվյալներ չհրապարակել, չտրամադրել անհայտ ծագումով էջերի: