Երևանյան լճում թաքնված կամուրջ է եղել․ Այն հայտնվել է լիճը դատարկելուց․ Վիդեո

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Երևանյան լիճը դատարկվել է, ու մայրաքաղաքի շատ բնակիչներ զարմանալու առիթ ունեն. պարզվում է՝ լճում թաքնված կամուրջ է եղել: Փայտե այդ կառույցը ջրի տակ է եղել մոտ 60 տարի:

Գայանե Ներսիսյան (Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար) - Դե, Երևանյան լիճը 60-ական թվականներին է ստեղծվել որպես ջրամբար, դրանից առաջ՝ շատ ավելի վաղ ժամանակներում, մեզ հասած տեղեկությունների համաձայն,  էստեղ գյուղ է եղել: Ինչքան հիշում եմ՝ Հին Կողբ անվանումով: Դուք տեսնում եք, որ Երևանյան լճի միջով անցնում է Հրազդան գետը: Որպեսզի գետի մի ափից մյուսը տեղափոխվեին գյուղացիները, կառուցվել է այս կամուրջը: Հետագայում, երբ որ արդեն հունը բարձրացել է, և ջրամբար է ստեղծվել, մենք չենք տեսել: Սա եզակի ժամանակներից է, որ կարելի է տեսնել նախկին այդ փայտե կամուրջը:

Լիճը դատարկելու հիմնական պատճառը այստեղ սկսված բարեկարգման աշխատանքներն են: Աջակողմյան հատվածում՝ Իսակովի պողոտային հարող 2.8 հեկտար տարածքում, հանգստի գոտի կառուցելու ծրագրի մասին քաղաքապետարանը ավելի վաղ էր հայտարարել: Այստեղ կլինեն ճեմուղի, հեծանվուղի, մարզասարքեր ու նստարաններ: Այժմ հենապատ է կառուցվում: Բետոնը չորանալու համար հիմա ամենահարմար ժամանակն է, քանի որ ոռոգման սեզոն չէ, ու ջրամբարը կարող է և դատարկ լինել:

Գայանե Ներսիսյան - Երևան քաղաքի համար մենք համարում ենք, որ Երևանյան լիճն ունի հսկայական բնապահպանական ազդեցություն և ոչ միայն բնապահպանական. տարածքն ունի նաև ռեկրեացիոն՝ հանգստի կազմակերպման նշանակություն:

Տարածքը նաև կկանաչապատվի: Կտնկվեն լանդշաֆտին ու կլիմայական պայմաններին համապատասխան ծառեր ու թփեր: Այդ աշխատանքները կսկսվեն բարեկարգումից անմիջապես հետո:

Լիճը դատարկելու մյուս պատճառը բնապահպանական ներդրումային ծրագիրն է. Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում առաջին անգամ կկառուցվի ջրի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան: 

Նախապես ծրագրվել էր, որ կայանը կգործարկվի սեպտեմբերին: Ժամկետի փոփոխությունը, Գայանե Ներսիսյանի խոսքով, պայմանավորված է փաստաթղթային խնդիրներով:

Երևանյան լճին առնչվող բնապահպանական ծրագրերով մաքրվել է առափնյա տարածքը, շուրջ 12 հազար խմ աղբ է հեռացվել: Եվ որպեսզի պլաստիկն ու աղբը նորից չլցվեն ջրամբար, Հրազդան գետում ճաղավանդակ է դրվել:

Նախատեսվում է հաջորդ տարի ևս երկուսը տեղադրել: Փորձը ցույց է տալիս, որ հիմնական աղբը գալիս է գետի միջոցով և քիչ մասն է տեղային աղտոտում:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում