ՌԴ–ն չի կարողանում զսպել Բաքվին. Ռուսները պատրաստ են որոշակի զիջումների գնալ Լաչինի միջանցքի հարցում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը թելագրամյան իր էջում գրել է․

«Ցանկանում եմ փոքր ինչ մանրամասն անդրադառնալ այսօր Լավրովի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած պատասխաններին:

Ակնհայտ է, որ ռուսական կողմը կրկին փորձում է ամեն ինչ բարդել և սլաքներն ուղղել ՀՀ իշխանությունների վրա: Այն, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը սխալ, վտանգավոր, ոչ հետևողական ու նույնիսկ հակատրամաբանական քաղաքականություն են վարել Արցախի հարցում, դա պարզ ճշմարտություն է: Դրա մասին ինքս եմ փաստերով խոսել, թե ինչպես են նրանք հրաժարվել թե՛ իրենց նախընտրական ծրագրից, թե՛ կառավարության ծրագրից, թե՛ իրենց իսկ հայտարարություններից: Բայց ռուսական կողմի խնդիրն այն չէ, որ Փաշինյանը հրաժարվել է իր իսկ նախընտրական ծրագրից:

Լավրովի նպատակն այն է, որ հետագա վտանգավոր զարգացումների մեղավոր դիտվի ՀՀ իշխանությունը, քանի որ ՌԴ–ն չի կարողանում զսպել Բաքվին: Փաշինյանը վերջին շրջանում շարունակ հայտարարում է, որ պատրաստ է ընդունել ռուսական առաջարկները, որոնց վերաբերյալ հրապարակային ելույթներից դատելով՝ կարող ենք հասկանալ՝ դրանք ենթադրում են Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում ու խաղաղապահների մանդատի երկարաձգում: Փաստացի, Մոսվկան չի կարողանում պարտադրել Բաքվին գնալ այդ առաջարկների հաստատմանը: Ընդհակառակը, Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանը միայն ավելի ագրեսիվ է դարձել՝ թիրախավորելով ոչ միայն ՀՀ–ն, այլ հենց Լաչինի միջանցքը: Լավրովի ասածներից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ռուսները պատրաստ են որոշակի զիջումների գնալ Լաչինի միջանցքի հարցում՝ ադրբեջանցիներին հաճոյանալու համար, մինչդեռ ցանկացած զիջում հայկական կողմի համար աղետալի կարող է լինել, քանի որ այդ միջանցքը կենսական է ՀՀ–Արցախ կապն ապահովելու համար:

Ուշագրավն այն է, որ Լավրովի այսօրվա ասածները նաև տրամաբանական հակասության մեջ են մտնում վերջին օրերին խաղաղապահների ներկայացրած հաղորդագրությունների հետ, որոնց համաձայն՝ Ադրբեջանը շարունակ խախտում է հրադադարը: Էլ չեմ խոսում տեղանունների չդադարող պայքարի մասին:

Եվս մեկ հանգամանք, եթե Լավրովը պնդում է, թե իբրև Ադրբեջանը պատրաստ է ապահովել Արցախի հայերի իրավունքները, ապա հարց է առաջանում՝ ի՞նչու է ռուսական կողմը պնդում, որ խաղաղապահների մանդատը պետք է երկարաձգվի: Չէ՞ որ խաղաղապահների առաքելության գլխավոր իմաստը Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ապահովումն է, կարճ ասած՝ թույլ չտալ էթնիկ զտում Ադրբեջանի կողմից: Հիմա եթե պարոն Լավրովը այդքան «վստահում է» Ադրբեջանի խոստումներին, ապա էլ ինչի՞ հիման վրա է Պուտինը պնդում, որ խաղաղապահները պետք է մնան Արցախում:

Փաստացի, մեկ այլ հակասական և վտանգավոր իրավիճակ էլ ռուսական կողմն է ստեղծում Արցախի հարցում: Եվ այս ամենն արվում է դեկտեմբերի 5–ին նախատեսված Լավրով–Բայրամով հանդիպման նախօրեին:

Եվ վերջում, ուշագրավ է, որ ռուսական կողմը միշտ մեղադրում է Արևմուտքին հետխորհրդային երկրներում հակառուսական տրամադրություններ տարածելու համար: Այն, որ Արևմուտքը մեծ գումարներ է ծախսում այդ ուղղությամբ, ակնհայտ է, բայց նաև մի աներկբա ճշմարտություն կա՝ հենց նույն Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածման թիվ մեկ աղբյուրը ռուսական կողմի կրավորական, պրոադրբեջանական պահվածքն է:

Ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, որ Լավրովը իրեն պահում է որպես ադրբեջանական շահերի ներկայացուցիչ, դրանից էլ լավ միջո՞ց հակառուսական տրամադրությունների նոր ալիք գեներացնելու համար: Այնպես որ, ուրիշներին մեղադրելուց առաջ, թող նախ տեսնեն իրենց իսկ հայտարարությունների հետևանքով ստեղծված խնդիրները:

Իսկ մեզ մնում է ճիշտ հասկանալ իրավիճակը, և եթե ռուսները հետ են կանգնելու Արցախի հարցում իրենց ստանձնած պարտավորություններից, ապա պետք է փնտրել այլընտրանքներ, որովհետև մենք չենք կարող անգործ նստել ու տեսնել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Խոսքը մեր հայրենակիցների անվտանգության, ապահովության և Արցախի հայկականության պահպանման մասին է: Այստեղ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարների ու ունենանք հնարավոր լուծումներ՝ վտանգավոր զարգացումները կանխելու համար:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան