Միջնաժամկետ կտրվածքով վառելիքի գները կնվազեն, բայց երկարաժամկետ կտրվածքով բարձրանալու են

Մանրամասներ

Մեկ օրում Հայաստանում վռելիքի գները նվազել էր 30 դրամով: Մասնավորապես, պրեմիում տեսակի բենզինի գինը 500-ից դարձել է 470 դրամ, իսկ ռգուլյար տեսակինը՝ 480 դրամից 450 դրամ, իսկ դիզվառելիքի գինը 600-ից նվազել է 570 դրամի:

Այս առնչությամբ tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ նշեց, որ վերջին մեկ տարում մասնավորապես դիզվառելիքի գները մեծ աճ են գրանցել, որն անմիջականորեն կապված է նավթի համաշխարհային գների բարձրացման հետ. «Սակայն մենք հիմա տեսնում ենք անկում, քանի որ տարվա սկզբից դոլարի փոխարժեքը 480 դրամից հասել է 400 դրամի:

Իսկ քանի որ վառելիքի գինը որոշվում է դոլարով, այսինքն դրամային արտահայտությամբ ավելի էժան է վառելիքը ներկրվում: Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչու է հիմա նոր էժանանում վառելիքի գինը: Որովհետև ներկրողները գնելով դիզվառելիքի արտասահմանյան շուկայից, գինը չեն իջեցնում՝ ակնկալելով, որ նորից փոխարժեքը կարող է բարձրանալ և ներկա ստացված գումարներով ապագայում թանկ դիզվառելիք կարող է գնել: Այս պահին դիզվառելիքի գները կայունացել են համաշխարհային շուկայում և քանի որ դոլարի գինը իջել է 400-ից, դիզվառելիքի գինը նույնպես անկում է ապրում»,-ասաց նա:

Աղասի Թավադյանը նաև հավելեց, որ պետք է հասկանալ, որ սա երկարաժամկետ չի կարող լինել, սա միջնաժամկետ միտում է. «Երկարաժամկետում սպասվում է ընդհանուր հանո վառելիքի քանակության անկում, քանի որ դրանց պաշարները սպառվում են ու կամաց-կամաց անցում է կատարվում էլեկտրական ավտոմեքենաների»:

Նա կանխատեսեց, որ երկարաժամկետ կտրվածքով վառելիքի գները բարձրանալու են. «Վառելիքի գների նվազման դրականն այն է, որ գնաճային միտումները կարող են նվազել, որովհետև ցանկացած արտադրության մեջ վառելիքը զգալի տեսակարար կշիռ է կազմում: Նաև ապրանքների տեղափոխման համար օգտագործվում է հիմնականում դիզվառելիք: Սա առաջին հերթին նվազեցնելու է տեղափոխման ծախսերը և հնարավորություն է ստեղծելու միջնաժամկետ կտրվածքով գների նվազման և գնաճի զսպման»,-ասաց նա:

Անդրադառնալով դժգոհությանը, որ Հայաստանում թե դիզվառելիքի, թե բենզինի որակը շատ ցածր է, արդյոք դրա պատճառը մրցակցության բացակայությունն է, Աղաթի Թավադյանն ասաց. «Շուկայում կա մրցակցության, բայց շատ մեծ չի: Հիմնականում կապված է տրանսպորտային ծախսերի հետ: Ինչքան վառելիքի որակը բարձրանա, դրա հետ մեկտեղ պետք է բարձրանա նաև գինը, իսկ տրանսպորտային ծախսերը հաշվի առնելով, մեր սպառողը պատրաստ չէ բարձր որակի վառելանյութ գնել»: