Բոյով, ջանով 3-4 տղամարդ ծեծում էին երեխուն․ տուժողները մանրամասներ են հայտնում

Մանրամասներ

Նոյեմբերի 26-ին Լոռու մարզի մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի էին ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից: Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Պարեկային ծառայությունը փորձել էր ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար:

«Անկյուն+3» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում միջադեպից տուժած քաղաքացին պատմել է, որ այդ պահին իրենք եղել են ավտոտեխսպասարկման արհեստանոցում․ «Էն տեսա, որ երեխու վրա գազ են փչում, 3-4 հոգով երեխու մեջքին էին տալիս, բոյով, ջանով 3-4 տղամարդ երեխուն ծեծում էին, դրանից հետո ես իմ գործողությունները չեմ հիշում՝ ինչ եմ արել, ոնց եմ արել․․․ ու էն եմ հիշում արդեն, որ 25-30 հոգով գազը փչում էին, խփում։ Երեխեն ընկել էր կոմայի մեջ, լավ չէր․․․»։

Արցունքաբեր գազի ու սուր ցավերից առաջացած շոկի ազդեցության տակ տուժողները շատ բան չեն հիշում․ անչափահասը, ով առողջական խնդիրներ ունի, պատմել է, որ պարեկների կողմից ծեծի է ենթարկվել նաև մեքենայում՝ ոստիկանական բաժանմունք տեղափոխման ճանապարհին։