Պուտինը խոսել է Անկարայում ՌԴ ԱՀԾ եւ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարների հանդիպման մասին

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստի բացման խոսքում հիշատակել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը ԿՀՎ տնօրեն Բըրնսի հետ, գրում են Լրագիրը և BBC-ն։

«Եկեք խոսենք G20-ում և APEC-ում ռուսական պատվիրակության աշխատանքի արդյունքների մասին, ինչպես նաև, թե ինչպես է անցել Անկարայում Սերգեյ Եվգենևիչ Նարիշկինի և նրա ամերիկացի գործընկերոջ հանդիպումը»,- ասել է Պուտինը։

Հանդիպումը, որի մասին խոսում է Պուտինը, տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին։ Կրեմլը նախապես ընդգծել էր, որ այն անցկացվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, դրա թեմաների և ԱՄՆ կողմից դրան մասնակցած անձանց մասին նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է խոսել։

Սպիտակ տունը հայտարարել է, որ բանակցությունները չեն ներառում Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանները: Փոխարենը, Բըրնսը փորձել է նախազգուշացնել Ռուսաստանի ղեկավարությանը միջուկային զենքի և էսկալացիայի այլ ձևերի կիրառման դեմ, հաղորդում է Վաշինգտոնը:

Պուտինն Անվտանգության խորհրդի նիստերը հաճախ է անցկացնում տեսակապով, սակայն այս դեպքում եղել է առկա հանդիպում։ Դատելով Կրեմլի կայքից՝ այն սկսվել է «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող զինծառայողների մայրերի հետ հանդիպումից մեկ ժամ չանցած։