Արմավիրում քանդում են խաղողի այգիները․ խաղող մթերողները սնանկ վիճակում են

Մանրամասներ
ա

Այս տարի նախորդ տարիների պես խաղողի մթերման հետ կապված խնդիրները մնացին չլուծված։ Հաջորդ տարի շատ խաղողագործներ այլևս չեն զբաղվի խաղողագործությամբ։ Նախորդ տարիների պես, այս տարի էլ խաղողագործները ճանապարհ փակեցին, կառավարության շենքի մոտ հասան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավաստիացրեց, որ խնդիրները խաղողի մթերման հետ կապված գրեթե լուծված են, սակայն խաղող մթերողները պնդում են՝ այլևս հրաժարվում են զբաղվել խաղողագործությամբ։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ  խաղողագործի նկատմամբ վերաբերմունքը բացարձակապես չի կարող արդարացվել: «Վերամշակող ընկերությունները, Պետրոսյանի դիտարկմամբ, ուղղակի իրենց համար բարձր շահույթ են ապահովում և խաղողագործին չեն դիտում որպես իրենց գործընկերոջ։ Եթե մի քանի տարի առաջ խաղողի մթերման միջին գինը 140-150 դրամ էր, ապա այսօր առանձին ընկերություններ առաջարկում են 100-120 դրամ։ Իսկ շատ խաղողագործներ էլ այս տարի հանձնել են 90-100 դրամով, ինչը, սակայն, չի հանել անգամ իրենց ծախսերը, շարունակում են վարկերի տակ կքած մնալ: Մեղք ենք, հայ ժողովուրդը մեղք է, էսքան սգի, ցավի մեջ, փոխանակ իրար սիրեն, պատասխատանու լինեն, գնալով ավելի են գազանանում»:

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ, խաղողագործ Արմեն Կոստանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ խաղող հանձնողներ գումար չեն ստացել. «Ինչպես պետք է ապրեն, զարմանում եմ: Կառավարությունն անընդհատ տնտեսական աճի մասին է խոսում, հետաքրքիր է, քանի՞սդ եք ձեր մաշկի վրա այդ աճն զգացել, ինչպե՞ս է լինում, որ ժողովուրդը տնտեսական աճի պայմաններում չի կարողանում ապրել։

Շատերը քանդում են իրենց խաղողի վազերը, 4-5 տարի առաջ գյուղում 120-130 հեկտար գերազանց վիճակում այգի կար, մոտ 90 տոկոսը ընտիր վիճակում, հիմա դրա 55-60 հեկտարը հազիվ մնացած լինի: Իսկ այս տարի խաղողագործների գրեթե 60 և ավելի տոկոսը չի կարողանում շարունակել: Մարդիկ վարկերը չեն կարողանում մուծել, շատերի մոտ ողբերգություն է, սնանկ վիճակ։ Օրեցօր եղածը թանկանում է, իսկ մարդկանց ապրուստը սարսափելի վիճակում է»,-ասաց Արմեն Կոստանյանը:

Նրա խոսքով, շատերն արդեն հողագործությամբ չեն զբաղվի,  հիմնականում հողերը վաճառում են, մի մասը բանջարեղեն է աճեցնելու։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում