Իրանը ներկայում բավականաչափ հարստացված ուրան ունի 1-ից ավելի միջուկային սարք ստեղծելու համար. ԱԷՄԳ ղեկավար

Մանրամասներ

Իրանը ներկայում բավականաչափ հարստացված ուրան ունի «մեկից ավելի» միջուկային սարք ստեղծելու համար, CBS-ին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Սակայն, ըստ ԱԷՄԳ-ի ղեկավարի, Իրանը դեռևս չի անցել «անդառնալիության կետը»։

Լրագրողի այն հարցին, թե «որքանով է Իրանը մոտ միջուկային ռումբ ստեղծելուն», Գրոսսին ասել է. «Հարստացված ուրանի արտադրության ներկա մակարդակում Իրանն արդեն բավականաչափ պաշար ունի, եթե ցանկանա մեկից ավելի սարք արտադրել: Բայց մենք չունենք որևէ տեղեկություն, որը ցույց կտա, որ Իրանը միջուկային զենքի ծրագիր ունի»:

«Կարո՞ղ ենք ասել, որ Իրանի պարագայում մենք հասել ենք անդառնալիության կետի։ Ժամանակը չէ՞ պարզապես ճանաչել այն որպես միջուկային տերություն», -հետաքրքրվել է լրագրողը:

ԱԷՄԳ-ի ղեկավարն այս հարցին բացասական է պատասխանել. «Ոչ, մենք այս կետին չենք հասել: Բայց պետք է շատ աշխատենք, որպեսզի դա տեղի չունենա»:

Գրոսսին նաև ասել է, որ միջուկային անվտանգության տեսանկյունից աշխարհի ամենավտանգավոր վայրն այժմ Զապորոժիեի ատոմակայանն է, որը գտնվում է պատերազմական գոտում, և ԱԷՄԳ-ին մեծամասամբ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում և ոչ թե Իրանում։