Սխալ են ձեր այն տեղեկությունները, թե 12-ամյա աղջկան Արկադին է բռնաբարել․ Գործի նյութերով նման տեղեկություն ինձ հայտնի չէ․ Պեմզաշենում ընտանիքի դաժան սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան

Մանրամասներ

1

Դե, մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքում նշված է այնպես, ինչպես ոստիկանության հաղորդագրությունում է ասվում։ Նախաքննական մարմիններին հարցրեք, թե ինչու մինչև հիմա չի ապացուցվել, որ Արկադին հանցագարծության վայրում չի եղել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում ընտանիքի դաժան սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը։ 

Նա պնդեց. «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը։ Ես Արկադիի խոսքերն եմ ասում, ես Արկադիի հետ չեմ եղել»,-ասաց նա։ 

Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում փաստաբանը նշել էր. «սխալ են ձեր այն տեղեկությունները, թե 12-ամյա աղջկան Արկադին է բռնաբարել։ Կենցաղային խոսակցություններ են, գործի նյութերով նման տեղեկություն ինձ հայտնի չէ։ Արկադին այդ օրը այլ վայրում է եղել, չեմ կարող ասել, թե որտեղ, նախաքննական մարմինն իր բոլոր ցուցմունքները կստուգի, կհրապարակի հետո»։ Այս հարցազրույցից ժամեր անց Ոստիկանությունը հանդես եկավ ահղորդագրությամբ, որում մանրամասն ներկայացվում է դաժան սպանության քրոնիկոնը, որում նշվում է նաև փաստաբանի պաշտպանյալի անունը ու դերակատարությունը:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև վստահություն էր հայտնել, որ Արկադին կարդարացվի:

Նշենք, որ պեմզաշենցի 32-ամյա տղամարդը պատմել է, որ  նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։ 

Միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական տանը գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են։ Նրանք երկուսն էլ կալանավորված են։