Նոյեմբերի 17-18-ի գիշերը երկնքում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ

Մանրամասներ
ա

Նոյեմբերի 17-18-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, և մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։

Լեոնիդների ասուպային հոսքը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:

Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»: Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը մինչև 85 գրամ:

Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866թ․ հայտնաբերված Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) գիսավորից մնացած բեկորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ:

Ասուպների այդպիսի հեղեղ դիտվեց 1999թ-ին և շարունակվեց 2000-2002թթ., իսկ հաջորդը սպասվում է 2032թ-ին: Սակայն ասուպների աճ (ժամում մինչև 100-150) կարող է դիտվել և այլ տարիներին: Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, և այդ օրը համարվում է ասուպային աստղագիտության ծնունդը:

Հետաքրքրական է, որ հետադարձ հաշվարկով աստղագետները գտել են, որ դարեր առաջ (սկսած 6-րդ դարից) նույնպես գրանցվել է Լեոնիդների ասուպային հոսք, սակայն այն ժամանակ լիարժեք չի հասկացվել և չի բացատրվել: Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակավայրերից հեռու, քանի որ քաղաքային լուսավորությունը խիստ դժվարեցնում է դիտումը: