Ռուսաստանի ու ինձ համար մեռնելու ժամանակն է․ Պուտինը՝ ռուսաստանաբնակ հայերին

Մանրամասներ

1

Ուկրաինայում ռուսական բանակի նոսրացող շարքերը «թնդանոթի մսով» համալրելու արտառոց միջոցները համալրվեցին եւս մեկով՝ նախագահ Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի զորակոչի ենթակա են նաեւ այլ պետության քաղաքացիները, որոնք ՌԴ-ում կեցության ու մշտական բնակության իրավունք ունեն։ Այսպիսով, գործող կանոնավոր բանակի, մոբիլիզացվածների, կադիրովականների, վագներականների, մարդասպանների ու այլ ծանր հանցագործների, Թուրքիայի դրոշի ներքո իսլամական աշխարհազորի գումարտակներին ավելանում են միգրանտների ու վերաբնակների խմբերը, որոնք պահել են իրենց երկրների քաղաքացիությունը։ Հայրենիքում ծառայությունն այլեւս պատճառ չէ ՌԴ-ում զորակոչի չենթարկվելու համար։

Արեւմտյան հետախուզությունները, անդրադառնալով ՌԴ բանակի համալրման արտառոց միջոցներին, նշում են, որ դա ռազմաճակատում իրերի դրության վրա էական ազդեցություն չի ունենա։ Ավելին, նման խայտաբղետ ու խառնիճաղանճ զորքը կառավարելը բարդանում է, ինչը մեծացնում է թե ավելի մեծ կորուստների հավանականությունը, թե զորքի ներքին խնդիրները։ Ռազմաճակատի ամենօրյա ամփոփագրերը հաստատում են այս պնդումները․ եթե փետրվարից սեպտեմբեր՝ մինչեւ մոբիլիզացիան եւ հանցագործությունների համար դատապարտվածներին զորակոչելը ռուսական անձնակազմի կորուստները գնահատվում էին 65-70 հազար, ապա երկու ամիս անց՝ 100 հազարից ավելի։ Բացի այդ, հաճախացել են ռուսական զորքի տարբեր տեսակի ստորաբաժանումների միջեւ բախումների վերաբերյալ տեղեկությունները։

Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայերը գոյաբանական խնդրի առաջ են։ Եթե հոկտեմբերի 19-ի հրամանագրով ՌԴ հարավային շրջաններում մտցված հատուկ ռեժիմը սպառնում էր այս շրջաններում հոծ բնակվող հայերի ունեցվածքին ու ազատ տեղաշարժին, նույն օրվա երկրորդ որոշումն արդեն վերաբերում էր միգրացիոն քաղաքականության վերանայմանը. Պուտինը նշել էր, որ միգրացիոն խնդիրը «չափազանց զգայուն է Ռուսաստանի ազգային անվտանգության և կայուն զարգացման համար»։ Եվ ահա, երեկվա հրամանագրով Պուտինը որոշել է լուծել այդ հարցը՝ միգրանտներին ուղարկելով ուկրաինական արեւելքի մսաղաց։

Ներքին բարդ կացության ու խորացող խնդիրների համատեքստում Կրեմլը պատերազմն օգտագործում է էթնիկ ճնշումների եւ հատկապես հավանական սեպարատիստական նկրտումներ ունեցող տարածաշրջաններին ճնշելու համար։ Փորձագետներն ու զլմ-ները, որոնք ուսումնասիրել են ռուսական մարտական կորուստները, նկատել են, որ հատկապես մեծ են կորուստները էթնիկ շրջաններից զորակոչվածների շրջանում։

ՌԴ-ում բնակվող 4 միլիոն հայությունը, որն իրադարձությունների անխուսափելի զարգացումների պարագային ունակ է յուրովի տնօրինել ռուսաստանյան հետագա պատմության ողջ ընթացքը, Կրեմլի «ազգային քաղաքականության» թիրախն է։ Դրա նախադեպը կա՝ «Հայրենական պատերազմում» 1942-1943 թթ․ հայ տղամարդկանց զանգվածային զորակոչը, որոնց մարտի նետեցին այն ուղղություններում, որտեղ ներկայում թեժ մարտեր են ծավալվում Ուկրաինայում։ Սպանվեց 330 հազար հայ։ Դա հայերի՝ Ռուսաստանի կողմից 100-ամյա ծրագրված եւ շարունակվող ցեղասպանություն էր։

Ռուսական հեշտացված անձնագիրն ու կեցության իրավունքը միայն թակարդում են լինում։ Ուկրաինայում պատերազմից ի վեր ՌԴ-ից ավելի շատ ռուսներ են ժամանել Հայաստան, քան հայեր։ «Խաղաղության» ագենտուրային օրակարգն իրացնող ՀՀ իշխող խմբակը սեպտեմբերի 21-ից ի վեր ոչինչ չարեց հայրենակիցների շրջանում բացատրական աշխատանքների ու նրանց տեր կանգնելու համար։ Դա էլ «խաղաղության օրակարգի» մասն է։

Սկզբնաղբյուր